Tuesday, July 10, 2012

Քրեական նոր մշակույթ Հայաստանում

«Լրագիր» 10-7-2012- Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական կառույցների առջև ստանցնած բարեփոխումների իրականացման համատեքստում բարեփոխումներ են ի հայտ գալիս նաև քրեական ոլորտում: Եվ ինչն ամենակարևորն է` առանց միջազգային կառույցների որևիցե միջամտության: Ինչպես բոլորիս հայտնի է, Հարսնաքարի ողբերգական դեպքերի կապակցությամբ հասարակությունը պահանջում է քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ընդգրկել նաև իր գործառույթներով փաստորեն «Հանցաքար» հանդիսացող սույն օբյեկտի սեփականատիրոջը: Բայց սույն սեփականատերը կատարվածի վերաբերյալ հայտարարեց իր ափսոսանքն ու զղջումը, ինչով հուզեց ու լացացրեց շատ շատերին: Մի քանի օր անց, արդեն անձամբ «փահլևան կտրավ» և մեկ հարվածով զգետնեց մոտակայքում հայտնված իրավապաշտպանին: Կրկին պահանջներ հնչեցին միջադեպին մոտենալ իրավական տեսանկյունից: Փոխարենը հնչեցին հեռախոսազղջումներ ու եթերային ներողություններ: Այս ամենը իրոք քրեական փոխհարաբերությունների ոլորտում լրիվ նոր մշակույթի ձևավորման ակնհայտ դրսևորումներ են: Իսկ մենք, հարիֆներս, դեռ առաջնորդվում ենք հնաոճ մտածելակերպով` հույսներս դնում օրենքի վրա: Չընկալելով, թե կյանքն ինչքան առաջ է անցել: Չհասկանալով, ու միամտաբար դեռ ենթադրելով, որ հայտնի տղեքի համար հրապարակային զղջումն ու ներողությունը, ինչպես նաև «պագոնավորների» հետ մտերիմ լինելը առաջվա նման դեռևս «զապադլո» է: Դատաիրավական բնույթի բարեփոխումները Հայաստանում սկսվել են ճիշտ տեղից և ճիշտ ժամանակին: Իսկ ամենաուրախալին այն է, որ այդ մշակույթի այդ նոր տեսակի կայացմանն ու տարածմանն իրենց անմիջական մասնակցությունն ու աջակցությունն են բերում նաև հայ իրավապաշտպանները: Մասնավորապես` ի դեմս Հայրապետյանի կողմից զգետնված իրավապաշտպանի: Հա, ինչ անենք, մարդը նյարդայնացած է եղել ու մի հատ «չափալախել է»: Հետո ինչ: Բա հայ իրավապաշտպանին սազո՞ւմ է դառնալ «գործ տվող»: Առավել ևս, որ Ռուբեն Հայրապետյանն էլ իր կողմից զղջացել ու ներողություն է խնդրել: Խիստ մարդկային է ու արդարացի: Թե սկիզբը, թե ավարտը: ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ

No comments: