Friday, July 20, 2012

Ինչ եղավ ԼՂՀ-ում

1in.am. 20-7-2012- Եվ այսպես, ԼՂՀ նախագահի ընտրությունն արդեն կայացած փաստ է, և կարելի է
որոշակիորեն նախնական ամփոփումներ ու արձանագրումներ անել ընտրության կապակցությամբ: Ինչպես հայտնի է, պաշտոնական տվյալներով՝ հաղթանակը պատկանում է գործող նախագահ Բակո Սահակյանին, որը ստացել է ձայների 66,7 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից, գեներալ Վիտալի Բալասանյանը ստացել է ձայների 32,5 տոկոսը: Լեռնային Ղարաբաղի նախագահի ներկայիս ընտրությունն անկասկած աչքի ընկավ առավել մրցակցայնությամբ՝ նախորդ ընտրությունների համեմատությամբ: Նախորդ ընտրություններում հաղթողների պաշտոնական ցուցանիշները 85 տոկոսից պակաս չեն եղել, այն դեպքում, երբ այս ընտրությանը Բակո Սահակյանը հաղթել է 66,7 տոկոս պաշտոնական ցուցանիշով, իսկ ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը հավաքել է դրա գրեթե կեսը, ինչը նույնպես աննախադեպ է: Այդ իմաստով, թերևս, կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքում նկատվում է «սառույցի կոտրվելը», ինչի կապակցությամբ, իհարկե, պետք չէ շտապել հեռուն գնացող հետևություններ անել, քանի որ շատ բան կախված կլինի հետագա զարգացումներից՝ արդյո՞ք ամեն ինչ կավարտվի նախագահական ընտրություններով, թե՞ նախագահական ընտրություններն ընդամենը սկիզբն էին, և դրանցում արտացոլված մրցակցայնությունը դրսևորելու է ծավալվելու միտումներ: Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղին հենց դա է պետք, որպեսզի վերականգնվի վերջին տարիներին չճանաչված այդ հանրապետության միջազգային վարկանիշի որոշակի անկումն, ու Ղարաբաղը վերստին համարվի գոնե մասամբ ազատ պետություն: Սակայն այդ ամենից առաջ փոփոխությունները պետք են ղարաբաղցիներին, քանի որ վտանգավոր է, երբ աշխարհը փոխվում է դինամիկ արագությամբ, երբ փոփոխվում է տարածաշրջանը, նոր իրողություններ են ի հայտ գալիս, իսկ Լեռնային Ղարաբաղում հասարակական-քաղաքական կյանքը բացարձակապես համարժեք չէ այդ ամենին, այլ պաշարված է կեղծ միասնականության քողով, որն ավելի շատ թմրեցնում և քնեցնում է հանրությանն ու պետությանը, քան մեծացնում դիմադրունակությունը: Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները կարծես թե քողազերծ են անում այդ կեղծ միասնականությունը և բացում իրական միասնականության մի ճանապարհ: Իրական միասնականությունն այն չէ, երբ բոլորը կարծում են, մտածում են, արտահայտվում են միևնույն ձևով: Իրական միասնականությունն այն է, երբ բոլորը կարողանում են ձևավորել բազմակարծության մի միջավայր, որտեղ հստակ են խաղի իրավական ու բարոյական կանոնները, որտեղ իրավունքն ու բարոյականությունը լրացնում են իրար, ոչ թե հակասում: Լեռնային Ղարաբաղի նախագահական ներկայիս ընտրությունների այսպես ասած՝ փիլիսոփայությունը, թերևս, կարելի է տեսնել հենց այս ամենին ուղղված որոշակի ծիլերի մեջ, որ դրսևորվեցին Վիտալի Բալասանյանի թեկնածության առաջադրմամբ: Մնում է, որ նախագահական ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, անգամ անկախ այդ ընտրությունների ընթացքի վերաբերյալ շատ վերապահումներից, այդ ընտրությունների մրցակցայնությանը նպաստած թեկնածուն և նրա համախոհները համակվեն ոչ թե ավարտի, այլ սկզբի, մեկնարկի զգացումով: Այն մեկնարկի, որ Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական կյանքում կբերի էական փոփոխությունների, կստիպի իշխանությանը ձերբազատվել կեղծ կարգախոսներից և զբաղվել իրական կառավարմամբ, իրական քաղաքականությամբ, սեփական երկիրը դիտարկել որպես համաշխարհային կյանքի իրական սուբյեկտ, թեկուզ՝ իրավական ճանաչման բացակայության պարագայում:

No comments: