Monday, July 2, 2012

Վահե Ավետյանի հետ տեղի ունեցածը վախերի արդյունք է, այնինչ պետք է վախենա հենց ծեծողը. օմբուդսմեն

News.am. 2-7-2012- «Չեմ կարծում, թե մեզ պատեհ է խոսել այլ բանի մասին, մեկ րոպե լռությամբ հարգենք Վահե Ավետյանի հիշատակը»,- այսօր` հուլիսի 2-ին, այս խոսքով իր ասուլիսն սկսեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Մարդիկ ակնկալում են մեր հայտարարությունը խնդրի վերաբերյալ: ՄԻՊ-ն անում է հայտարարություն, երբ վիճարկելի է, թե` ոչ: Այս դեպքում այնքան միանշանակ է խնդիրը, որ հայտարարությունը կլիներ սոսկ խոսքերի շարան: Բայց հիմա, բնականաբար, դատապարտում ենք, ցավում ենք: Ես ցավով պետք է հայտնեմ, որ եւ այս, եւ այլ քրեական դեպքերով ՄԻՊ-ը հնարավորություն չունի միջամտելու: Ես ցավով եմ ասում, բայց դա օրենքն է: Նախանձում եմ քաղաքացիական ուժերին, քաղաքացիներին, որ կարող են արտահայտել իրենց կարծիքը, ես կարող եմ ժամեր շարունակ խոսել, թե այս ինչ այլանդակություն է, անթույլատրելի է, բայց դա կլինի միայն Կարեն Անդրեասյան մասնավոր խոսքը»,-ասաց նա: «Ես տամ ընդհանրական գնահատական: Այս ամենը վախերի արդյունքն է: Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ կհայտնվես դատարանում, վախ, որ կկորցնես թոշակդ: Վախը պետք է ունենա իշխանությունը, որ կկորցնի այն, մկանուտ երիտասարդը, որ ծեծելով սպանում է մեկ ուրիշին: Մեզ մոտ վախերի հավասակշռութունը խախտված է: Եւ այդ վախը անհաղթահարելի է, մինչեւ չլինի դատաիրավական լուրջ բարեփոխումներ»,-ընդգծեց օմբուդսմենը:

No comments: