Saturday, September 1, 2012

Հայաստանում Հունգարիայի դեսպանատունը չի մեկնաբանում Սաֆարովին արտահանձնելու մասին որոշումը

Հայաստանում Հունգարիայի դեսպանատունը (նստավայրը՝ Թբիլիսի) չի մեկնաբանում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են դիվանագիտական առաքելությունից։ Տվյալ որոշումը մեկնաբանելու խնդրանքին դեսպանատան աշխատակիցը հայտարարել է, որ իրեն հանձնարարել են հաղորդել, որ դիվանագիտական առաքելությունը «առայժմ ոչ մի տեղեկություն չունի եւ չի մեկնաբանում հարցը տեղեկատվության բացակայության պատճառով»։ NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին։ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հրոսակը հայ սպային սպանել էր կացնով: Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

No comments: