«Լրագիր» 14-9-2012- Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան կապակցությամբ: Մարդկային այս ժեստը դիվանագիտական տեսանկյունից բավական ուշագրավ է, որովհետեւ միջազգային դիվանագիտական պրակտիկայում գրեթե չի պատահում, երբ նախագահը պաշտոնապես շնորհավորի վարչապետին: Սուբորդինացիայի տրամաբանության ու կանոնների համաձայն, նախագահը նախագահին է շնորհավորում, ԱԺ խոսնակը՝ ԱԺ խոսնակին, վարչապետը՝ վարչապետին: Հետաքրքրական է, որ օրինակ նախորդ տարի Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին կարծես թե որեւէ շնորհավորական ուղերձ չի հղել Դմիտրի Մեդվեդեւին: 2012 թվականը Մեդվեդեւի համար կարծես թե կլոր հոբելյան էլ չէ, որն առիթ հանդիսանար Սերժ Սարգսյանին նախորդ տարվա համեմատ շնորհավորել Մեդվեդեւին, դուրս գալով սուբորդինացիոն շրջանակից: Գրեթե անկասկած է, որ Սարգսյանի շնորհավորանքը դիվանագիտական ժեստ է, միայն թե այդքան էլ պարզ չէ, թե ում է այն ուղղված: Եթե այն ուղղված է Մեդվեդեւին, ապա ինչի՞ համար, եթե այդ գործիչը ռուսական իշխանական հիերարխիայում կարծես թե առանձնապես մեծ ազդեցություն չունի եւ ավելի շատ խամաճիկի համբավ ձեռք բերեց՝ նախագահի պաշտոնը զիջելով Պուտինին: Արդյո՞ք Սերժ Սարգսյանին ու Մեդվեդեւին մերձեցնում է ճակատագրական նմանությունը: Բայց այդ առումով իրավիճակները կարծես թե էապես տարբեր են, որքան էլ որ Սերժ Սարգսյանն էլ նրա նման առնչվում է իր նախորդի քաղաքական եւ իշխանական հավակնությունների խնդրին: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանի ակնարկն ուղղված է ոչ թե Մեդվեդեւին, այլ Պուտինին: Սպասվում էր, որ ՌԴ նախագահը սեպտեմբերին պետք է ժամաներ Հայաստան: Սակայն, այդ մասին կարծես թե ոչ մի խոսակցություն չկա: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը Պուտինի անտարբերությանը փորձում է պատասխանել Մեդվեդեւի հանդեպ ուշադրությամբ: Պուտինին դա թերեւս անկասկած կհետաքրքրի: Ընդ որում, նրան դա կարող է հետաքրքրել ոչ միայն զուտ Սարգսյան-Մեդվեդեւ հարթության վրա: ՌԴ ներկայիս նախագահը փորձառու չեկիստին բնորոշ հեռատեսությամբ գուցե կփորձի պարզել, թե արդյոք Սարգսյանի այդ շնորհավորանքի մեջ չկա Արեւմուտքի հետք. Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ աջակցությունը վայելող Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում Մեդվեդեւին, որը եւս բավական ընդունելի կերպար էր դարձել Արեւմուտքում եւ որի արդիականացման կուրսը Արեւմուտքը փորձում էր խրախուսել, թեեւ իհարկե անհաջող: Ի դեպ, հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանը միեւնույն ժամանակ նաեւ ԱՄՆ նախագահ Օբամային է ցավակցական ուղերձ հղել, Լիբիայում դեսպանի սպանության առիթով: Սարգսյանն այստեղ գուցե նաեւ փորձել է արձագանքել ԱՄՆ կառավարության կոչին, որ ուղղված էր իրենց քաղաքացիներին, որպեսզի նրանք զգույշ լինեն մի քանի երկրներում, այդ թվում եւ Հայաստանում: Հայաստանը հայտնվել էր մահմեդական երկրների շարքում, ինչն անշուշտ բավական տհաճ իրողություն է: Ըստ երեւույթին, ԱՄՆ դրանով մի բան է հասկացրել, որ միայն Հայաստանի իշխանությանն էր հայտնի: Սերժ Սարգսյանը Բարակ Օբամային ցավակցելով, փաստորեն ակնարկում է, որ ընդունել է դիտողությունը: Սարգսյանը ցավակցության մեջ դատապարտում է ահաբեկչությունը եւ ծայրահեղությունը՝ իր բոլոր դրսեւորումներով: Օգտվելով առիթից, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին կարծես թե երկքայլ փոքրիկ կոմբինացիա է փորձում անել, որով ըստ երեւույթին Պուտինին է դրսեւորում իր դժգոհությունը, որ նա անտարբերության է մատնում Երեւանում տեղի ունեցող ՀԱՊԿ զորավարժությունը: Այդ զորավարժությունը զգալի առումով աննախադեպ է, եւ երբ ծավալուն այդ միջոցառմանը չի մասնակցում Պուտինը եւ նաեւ ՀԱՊԿ մյուս նախագահները, ապա դիվանագիտական առումով այն Հայաստանի համար փաստացի կարելի է համարել տապալված: Կասկած չկա, որ առանցքայինը Պուտինի մասնակցությունն է, եւ եթե նա գա, ապա մյուս նախագահները անկասկած եւս կգան, իսկ եթե նա չի գալիս, ապա մյուսներն էլ իրենց այսպես ասած համարում են «ազատ քաղաքացի»: Հայաստանը նույնիսկ հետաձգեց զորավարժությունը, որպեսզի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցի հետ այն չհամընկնի եւ Պուտինի համար տհաճ չլինի, բայց կարծես թե Հայաստանի այդ ժեստը Կրեմլի ներկայիս տերը չի գնահատել, ինչի դիմաց էլ Սերժ Սարգսյանը փորձում է ակնարկել իր գնահատականը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Saturday, September 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment