Monday, September 24, 2012

Քարվաճառյան հռչակագիր

Վերջին տարիներին, ազատագրված Քարվաճառ քաղաքում, Հայոց պետականակերտմանը հետամուտ բազմաթիվ անձանց մասնակցությամբ կայացած քննարկումների ընթացքում ուրվագծվել են հետևյալ հիմնարար և անբեկանելի շրջանակային սկզբունքները. Ա. Ինքնիշխանություն Ինքնիշխան և անկախ պետականությունը ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայաստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին: Բ. Հայրենատիրություն Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք: Ըստ այդմ. - Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են: - Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն: Գ. Հայոց լեզու Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն : Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի է: Դ. Սահմանադրական կարգ Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն: Քարվաճառ, 21/09/2012

No comments: