Saturday, November 6, 2010

ԻԲՐԱՀԻՄՈՎԻ ՄԱՐՄԻՆԸ ԿՀԱՆՁՆԵՆ

Ամենայն հավանականությամբ, այսօր ադրբեջանական կողմին կհանձնվի Մուբարիզ Իբարահիմովի մարմինը:
Ադրբեջանի նախագահի հրամանագրով ենթասպա Իբրահիմովն արժանացել է ազգային հերոսի կոչման: Ըստ պաշտոնական տեսակետի, նա “իր կյանքի գնով կասեցրել է հայկական զինված ուժերի հարձակումը”:
Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը: Այս կապակցությամբ բավական ուշագրավ մանրամասնություններ է պարունակում նրա հոր` Աղաքերիմ Իբրահիմովի Milli yol թերթին տված հարցազրույցը: Ըստ այդմ, հունիսի 17-ի երեկոյան Մուբարիզ Իբրահիմովը բջջային հեռախոսով զանգել է ծնողներին եւ ասել, որ “իր մասին թող չմտածեն, երեխաներին ամուսնացնեն”:

Հոր խոսքով, կապը շատ վատ է եղել, հաճախակի ընդհատումներով: Որդու տարօրինակ խոսքերը մտատանջություն են պատճառել, սակայն նրա հետ կրկին կապվել չի հաջողվել: Իսկ արդեն հաջորդ օրը Աղաքերիմ Իբրահիմովին զանգել են զորամասից եւ հետաքրքրվել, թե արդյոք “Մուբարիզը տուն չի՞ եկել”,- ինչից հայրն այնքան է վրդովվել, որ “նույնիսկ ցանկացել է հայհոյել”:

Այդ զանգից հետո Աղաքերիմ Իբրահիմովը մեկնել է զորամաս, որտեղ էլ նրան ասել են, որ “Մուբարիզն անցել է այն կողմը, նրանից լուր չկա”: Աղաքերիմ Իբրահիմովը նաեւ ասել է, որ Մուբարիզի “բջջային հեռախոսը, նոթատետրը, շորերը եւ ուրիշ անձնական իրերը որոշ ժամանակ գտնվել են զինվորական դատախազությունում”:

Հոր հարցումներին ի պատասխան քննիչներն ասել են, որ “կստուգեն, հետո կվերադարձնեն”: Հարցազրույցի ամենահետաքրքրական մանրամասնությունը, թերեւս, այն է, որ զինվորական դատախազությունը փաստորեն Մուբարիզ Իբրահիմովին ինչ-որ բանում կասկածել է: Այլապես ինչո՞ւ պիտի նրա բջջային հեռախոսը, նոթատետրը ենթարկվեին ստուգման եւ նոր վերադարձվեին հարազատներին:

Հիշյալ հարցազրույցը տպագրվել է Milli yol թերթի ս.թ. օգոստոսի 2-ի համարում, նույն օրը տեղադրվել նաեւ Poligon.az կայքում:
Հարցազրույցը վարել է Նաթիգ Ջավադլըն: Նկատենք նաեւ, որ մի քանի օր առաջ չպարզված հանգամանքներում ավտովթարի զոհ է դաձել Milli yol եւ Pia.az լրատվամիջոցների հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Շահին Աղաբեյլին: Պաշտոնական եւ իշխանամետ լրատվամիջոցները որեւէ արձագանք չեն հնչեցրել:

No comments: