«Հրապարակը» երեկ գրել էր, որ մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված «Compass band» խմբում խախտումներ են հայտնաբերվել: «Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցել կարող են 10-15 տարեկան երեխաները, սակայն, պարզվում է, խմբի անդամներից մեկը՝ Միքայել Վարոսյանը, 8 տարեկան է, ինչը նշանակում է, որ տվյալ մասնակիցը, ըստ մանկական «Եվրատեսիլի» կանոնակարգի, իրավունք չուներ մասնակցելու եվրոպական այս հեղինակավոր ստուգատեսի նախընտրական փուլին: Սակայն, հայկական մեթոդներով, գործող ժյուրիին ներկայացվել է փաստաթուղթ, որ նա 10 տարեկան է: Մինչդեռ փոքրիկն այս տարի մասնակցել է «Նովայա վոլնա» մրցույթի նախընտրական փուլին եւ ներկայացվել որպես 8-ամյա: Հանրայինի ղեկավարությունը, բացահայտումից անմիջապես հետո, արագ կողմնորոշվել է եւ բանագնացներ գործուղել Եվրոպա՝ խայտառակությունը կոծկելու: Հավանաբար, ցեղասպանված դեմքով, եվրոպացիներին կփորձեն համոզել, թե դա ոչ թե միտումնավոր կեղծիք է, այլ փոքրիկ վրիպակ: Իսկ իրականում մերոնք շատ ծանր վիճակում են հայտնվել, եւ դա կարող է մի շարք մարդկանց կարիերայի վրա հետք թողնել: Նշենք, որ կազմակերպիչները փորձում են արդարանալ, թե փոքրիկը երկրորդական դերում է, մենակատարը չէ, եւ պետք չէ ֆիքսվել տարիքի վրա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է ի սկզբանե կեղծվել տարիքը, ինչը «Եվրատեսիլի» կանոնների կոպիտ խախտում է: Թե ինչ զարգացումներ կարող են լինել այս զեղծարարության պատճառով՝ հնարավո՞ր է չեղյալ հայտարարվի մրցույթը, կամ Հայաստանին զրկեն մասնակցությունից, փորձեցինք պարզաբանումներ լսել աղմուկ բարձրացրած Միքայել Մարգարյանից, ով 2-րդ տեղը զբաղեցրած Վահագն Գրիգորյանի պրոդյուսերն է, ինչպես նաեւ «Տաղանդավոր սերունդ» ՀԿ նախագահը: «Ես վստահ չեմ, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս բացահայտումը, դա կիմանանք ավելի ուշ: Իմ կարծիքով, Հայաստանի հեղինակության վրա բացասական կազդի, բայց դա կախված է նրանից, թե Հանրայինն ինչպես է ներկայացրել Եվրոպայում: Մեր կազմակերպությունը պահանջում է, որ չեղյալ համարեն առաջին տեղը կամ մրցույթը: Բայց ես կարծում եմ, որ միանշանակ խումբը պետք է հանվի մրցույթից, դրանում կասկած չկա, եւ երկրորդը, որ շատ ցավալի կլինի, ու մենք չենք ցանկանա, Եվրոպան կարող է ընդհանրապես Հայաստանին զրկել մասնակցությունից»: Հանրային հեռուստաընկերությունից, որը «Եվրատեսիլի» պաշտոնական կազմակերպիչն է, մեզ չհաջողվեց պարզաբանումներ լսել, քանի որ Հ1-ի ղեկավարությունը խիստ հրահանգ է իջեցրել՝ լրատվամիջոցների հետ չշփվել: «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այժմ գտնվում է Ժնեւում, եւ նրա վերադարձից հետո պարզ կլինի՝ հաջողվե՞լ է արդյոք եվրոպացիներին «ֆռռացնել», թե՞ ոչ»,- գրում է թերթը:
Thursday, October 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment