Saturday, October 6, 2012

Բնազդը թելադրում է ոչնչացնել

«Լրագիր» 5-10-2012- ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ըստ երեւույթին բավական բարդ եւ պատասխանատու հանձնարարություն է ստացել՝ հեգնել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ առիթը Քոչարյանի հայտարարությունն է Վարդան Օսկանյանի «գործի» վերաբերյալ: Գալուստ Սահակյանն արդեն ասել էր, թե այդ հայտարարության հեղինակը Քոչարյանը չէ: Երբ լրագրողները հոկտեմբերի 5-ի խորհրդարանական ճեպազրույցում նրանից փորձել են պարզել, թե այդ ինչպես պետք է Քոչարյանը հավաստիացներ, որ ինքն է հեղինակը՝ զանգե՞ր Գալուստին ու ասե՞ր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Սահակյանը պատասխանել է. «Չէ ինչու...մեր ժողովուրդը հարգանքի արժանի է, կարող էր որեւէ հրապարակմամբ հանդես գար, հեռուստատեսությամբ ելույթ ունենար կամ մամլո ասուլիս տար: Սովորաբար նման մատեցումներն ավելի թափանցիկ են ներկայացվում, իսկ ես չեմ կարծում, որ Քոչարյանը խնդիր ուներ թաքուն մի բան ներկայացներ»: «Երկիրի» թղթակիցը հիշեցրել է, որ Քոչարյանը հաճախ է դիմում արտահայտվելու հայտարարության ձեւին, ինչին ի պատասխան Սահակյանը նկատել է. «Դա ձեւ չի, սա ձեւի խնդիր չի, սա բովանդակության խնդիր է»: Առաջին հայացքից Գալուստ Սահակյանը թողնում է կամիկաձեի տպավորություն: Նա գնում է մահվան, անխնա հեգնելով Քոչարյանին: Իսկ եթե հանկարծ նա վերադառնա՞: Ինչ կլինի Գալուստ Սահակյանի վիճակը, նրա որդիների վիճակը, որոնք հիմա հարմար տեղավորվել են պետական համակարգում եւ բիզնես քվոտաների տիրույթում: Նրանք Քոչարյանի ժամանակ էլ հարմար տեղավորված էին, ու այն ժամանակ հայր Գալուստը որեւէ դիտողություն չուներ Ռոբերտ Քոչարյանի արտահայտչամիջոցների եւ արտահայտչաձեւերի կապակցությամբ: Հիմա իշխում է Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը վիճարկում է նրա իշխանությունը: Այդ պայմաններում, համակարգում ծվարածների համար բավական ռիսկային է թվում միարժեք դիրքորոշվելը. բա որ Քոչարյանը հաջողության հասնի Սերժ Սարգսյանի իշխանությունը վիճարկելու գործում: Բայց, Գալուստ Սահակյանը դիրքորոշվում է: Նա իհարկե քաղաքականության իր ծերունազարդ ժամանակաշրջանում կարող է իրեն այդպիսի բան թույլ տալ, կյանքին նայելով փիլիսոփայորեն, բայց հազիվ թե այդ ամենը նրա մեջ սպանած լիներ հայրական բնազդը՝ բա որդիները: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի հայտարարության դեմ են դուրս եկել ոչ միայն ալեհայր Սահակյանը, այլ նաեւ երիտասարդ ՀՀԿ-ականները: Նրանց մոտ ինքնապահպանման բնազդի ծաղկուն ժամանակաշրջանն է, ու հազիվ թե այն դավաճաներ նրանց: Հավանաբար բոլորը համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ չի ստացվելու ոչինչ: Իհարկե, համոզված լինելու առումով կա մի հին ու բարի անեկդոտ, երբ երկու բժիշկ վիճում են, թե ինչ խնդիր է միջանցքով ոտքերը լայն բացած ու փոքր ինչ կքանստած քայլող հիվանդի մոտ: Բժիշկները վիճում են թութքի եւ գազերի շուրջ, բայց վերջում հիվանդն ասում է՝ «համոզված մի եղեք, տղերք, ես էլ համոզված էի, որ գազեր են, պարզվեց՝ լուծ եմ»: Հայաստանի ներքաղաքական եւ հատկապես ներիշխանական կյանքում իհարկե իրավիճակը տրագիկոմիկ է, բայց ամենեւին ոչ անեկդոտային: Այստեղ վճռորոշ ժամանակաշրջան է, հատկապես այն իմաստով, որ իշխող համակարգը սարսափով պարզել է, որ ինքն է իր թշնամին: Ու հիմա համակարգը իր փրկությունը որոնում է իր իսկ ոչնչացման մեջ: Դրա համար էլ Քոչարյանին հեգնելն այլեւս ռիսկ չէ, քանի որ կա ավելի մեծ ռիսկ՝ չփրկվելը: Իսկ համակարգի միտքն ու երեւակայությունը փրկվելու այլ տարբերակների վրա կենտրոնանալ անկարող է: Եթե փոքր ինչ կոպիտ բնորոշեմ իրավիճակը, ապա տարիներ շարունակ գոյության իմաստը միայն անխնա եւ ինքնամոռաց ուտելը դիտարկող համակարգը ներկայում էլ ուտելուց դուրս չի պատկերացնում որեւէ բան՝ պարզապես արդեն մնացել է «իրար ուտելը»: Այսինքն, արդեն գործում են բնազդները, ոչ թե գիտակցությունը: Ու քանի որ դրանից բացի այլ ելք չի դիտվում որպես փրկություն, բնազդն արդեն թելադրում է ոչ թե սիրաշահել Քոչարյանին, այլ խժռել նրան: Դրա համար էլ Գալուստ Սահակյանը նրան փաստացի փորձում է հանել «բնից», ասելով՝ կարո՞ղ ես, ուրեմն դուրս արի դեմ առ դեմ: Փորձառու որսորդ Քոչարյանի համար դժվար է իհարկե, որովհետեւ ինքն է հայտնվել “որսի” դերում: Եթե դուրս չգա, կնշանակի չի կարող, իսկ եթե դուրս գա, ապա կնշանակի Սերժ Սարգսյանին սեփական ձեռքով ընձեռել իր դեմ լայնամասշտաբ եւ վճռորոշ գործողությունների համակարգորեն եւ միջազգայնորեն լեգիտիմ հնարավորություն: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: