Wednesday, October 10, 2012

Ահմադինեժադը խոստովանել է, որ Իրանի կառավարությունը գտնվում է ծանր վիճակում

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստովանել է, որ կառավարությունը կրճատում է պետական կառույցների ու հիմնարկների ֆինանսավորումը: Ահմադինեժադն այս հայտարարությունն արել է Իրանի ուսանողական ասամբլեայի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ՝ ի պատասխան բուհերի ֆինանսավորումն ավելացնելու ուսանողների խնդրանքի. «Ներկայումս կառավարությունը սահմանափակ բյուջեի պատճառով գտնվում է վատ վիճակում: Բազմաթիվ պետական կառույցների ու ընկերությունների ֆինանսավորումը կրճատվել է 25 տոկոսով, իսկ որոշ դեպքերում՝ ընդհանրապես կասեցվել է: Չնայած դրան՝ մենք կավելացնենք բուհերի ֆինանսավորումը»: Նշվում է, որ Ահմադինեժադը շուտով կհայտնվի իմփիչմենթի սպառնալիքի տակ. մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են կազմակերպել՝ Ահմադինեժադին անվստահություն հայտնելու համար, ինչը կապված է երկրի ծանր տնտեսական իրավիճակի ու ազգային արժույթի անկման հետ: Վերջին տվյալներով՝ արդեն իսկ 94 պատգամավորներ իրենց ստորագրությունը դրել են իմփիչմենթի պահանջի տակ և արդեն այս շաբաթվա վերջին այդ հարցը կարող է ներկայացվել խորհրդարանի դիտարկմանը:

No comments: