Saturday, October 6, 2012

Թուրքիան պատերազմ չի հայտարարել Սիրիային. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի խորհրդարանի կողմից կառավարությանը արտերկրում ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն տալը չի նշանակում Սիրիային պատերազմ հայտարարել, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն` շաբաթ օրը ելույթ ունենալով պետական TRT հեռուստաալիքի եթերում, հաղորդում է РИА Новости-ն: Նախարարը նշել է, որ հարևան Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պայմաններում Թուրքիան պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած ընթացքի: Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին Էրդողանի կառավարությանը արտերկրում, այդ թվում` Սիրիայում, ռազմական գործողություններ իրականացնելու մեկ տարվա լիազորություն է տրամադրել` կապված հարևան երկրի հետ սահմանին տեղի ունեցած դեպքի հետ: Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Աքչաքալե քաղաքում հարևան Սիրիայից արձակված արկի պայթյունի հետևանքով 5 մարդ էր զոհվել, 11-ը վիրավորվել էին: Ի պատասխան` Թուրքիան հարվածել է Սիրիայի այն հատվածին, որտեղից եղել է կրակը: ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը Սիրիայից պահանջել են անհապաղ դադարեցնել Թուրքիայի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն: Սիրիայի իշխանությունները ցավակցել են զոհերի ընտանիքներին և հայտարարել, որ հետաքննություն են անցկացնում: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` թուրքական բանակը շաբաթ առավոտյան սահմանամերձ Հաթայ բնակավայրում արկի պայթյունից հետո երկու անգամ կրակ է բացել Սիրիայի տարածքի վրա: Զոհեր չկան, հայտնում են ԶԼՄ-ները: Ուրբաթ երեկոյան ևս թուրքական բանակը հրետակոծության է ենթարկել Սիրիայի տարածքը:

No comments: