Saturday, November 10, 2012

Վրաստանում հայկական եկեղեցիների ոչնչացումն ու վրացականացումը վանդալիզմ է. Վալերի Նիկիտին

HayNews.am. 9-11-2012- «Մի երրորդ ուժ փորձում է հայ-վրացական հարաբերությունները սրել, թե Վրաստանում, և թե Հայաստանում: Բայց մենք չպետք է տրվենք դրան»,- Երևանում նման հայտարարություն արեց Վրաստանի կազակների ղեկավար Գիլարի Բագրաձեն: Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Վրաստանի կազակների համագործակցությունը, երբ երկու երկրների միջև «եկեղեցական» խնդիրներ կան, երբ Վրաստանում մտադրված հայկական եկեղեցիներ են ոչնչացվում և վրացականացվում, ավելին` վրացական կողմը ՀՀ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն էլ է փորձում «զավթել»` պնդելով, թե դրանք վրացական են, Վրաստանի կազակների առաջնորդը նկատեց. «Պատմությունը գիտություն չէ և յուրաքանչյուրն այն իր հագով է փորձում «կարել»: Սա լուրջ ուսումնասիրման հարց է և սրան պետք է մոտենալ զգուշորեն , փուլային և կարողանալ ապացուցել»: Խոսակցությանը ներկա «Կազակական զորքերի մեծն միաբանության» միջտարածաշրջանային կազմակերպության Գերագույն Ատաման Վալերի Նիկիտինը զարմացած նկատեց, թե տեղյակ չէր, որ Վրաստանում հայկական եկեղեցիներ են մշակված քաղաքականությամբ ոչնչացվում, որ հայկական կրոնական շինության քարերը փոխվում են վրացի հոգևորականների կողմից և վրացականացվում. «Սա վանդալիզմ է, նման բան չի կարելի անել: Այս հարցը շատ լավ արեցիք, որ բարձրացրեցիք, նման բան չի կարելի թույլ տալ և ես առաջարկում եմ գնալ և տեսնել այդ եկեղեցիների վիճակը, նաև այցելել Սանահին: Սա անընդունելի է»: Հայկական կողմը ներկայացնող հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորման նախագահ, կազակական զորքերի գեներալ- մայոր Կարեն Զադոյանը վստահեցրեց, թե այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և Վրաստանում հայկական եկեղեցիների ներկա վիճակն ու ճակատագիրն իրեն էլ մտահոգում. «Ես պատերազմ տեսած մարդ եմ և հային պատկանող յուրաքանչյուր բանի կորուստ կամ ոչնչացում տեսնելից ցավ եմ ապրում: Հարցը բարձրացվում է և մշակվում տակտիկական քայլեր խնդրի լուծման: Բայց պետք է հասկանաք, որ մեր ձեռքին քիչ բան կա»:

No comments: