Saturday, November 10, 2012

Ինչպես են նախագահ ընտրում ԱՄՆ-ում

«Լրագիր» 10-11-2012- Հայաստանցի ընկերներիցս ոմանք 2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում բազմիցս հարցեր էին տալիս ընտրական գործընթացի վերաբերյալ: Ստորեւ հակիրճ կփորձեմ ներկայացնել, թե ինչ կերպ են ԱՄՆ-ում անցկացվում համապետական ընտրությունները` որոշ պատմական փաստերի նկարագրությամբ: Միացյալ Նահանգներում համապետական, նահանգային եւ տեղական ինքնակառավարման ընտրություններում ըստ սահմանադրության իրավունք ունեն մասնակցելու 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները: Տարիքային այս շեմն ի դեպ սահմանվել է Վիետնամի պատերազմի տարիներին: Մինչ այդ, ընտրություններին մասնակցելու տարիք էր սահմանված 21-ը, ինչը նաեւ երկրում չափահասության սահմանն է համարվում մինչեւ հիմա: Տարիքային շեմը 3 տարով փոփոխելու որոշումը կայացվել էր այն ժամանակ պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդներին պատերազմ ուղարկելու, սակայն ընտրություններին մասնակցել չկարողանալու դեմ բերվող փաստարկի արդյունքում: Հարկ է նշել նաեւ, որ մինչ 1920 թվականը ընտրելու իրավունքից զրկված էին նաեւ ամերիկացի կանայք: Աֆրոամերիկացիներն ընտրություններին սկսեցին մասնակցել միայն 1965-ից հետո, եւ միայն 1968-ի Մարթին Լյութեր Քինգի սպանությանը հետեւած գործընթացների արդյունքում երկրում ըստ էության վերջ դրվեց ռասիզմին պետական մակարդակում: ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններն անց են կացվում յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ` նոյեմբեր ամսին: Նախագահի մահվան, հրաժարականի, պաշտոնանկության (իմփիչմենթ) կամ առողջական պատճառներով այդ պաշտոնում իր գործառույթներն իրականացնելու անկարողության պարագայում, նախագահի պաշտոնն զբաղեցնում է երկրի ընտրված փոխնախագահը, ինչն օրինակ տեղի ունեցավ Քենեդիի սպանությունից հետո: Այսինքն, նախագահի վաղաժամ, կամ արտահերթ ընտրություններ Միացյալ Նահանգներում որպես այդպիսին տեղի չեն ունենում: Ընտրությունների օրը ընտրատեղամասերը գործում են առավոտյան ժամը 6-ից մինչեւ երեկոյան 6-ը: Ընտրատեղամասերում գրանցված ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի անմիջականորեն մասնակցելու ընտրական գործընթացին` ներկայացնելով անձը հաստատող որեւ փաստաթուղթ: Անձնագրի առկայությունն այս պարագայում պարտադիր չէ, քանի որ փաստաթուղթ է համարվում նահանգային, քաղաքային կամ ՏԻՄ այլ մարմնի կողմից քաղաքացուն տրված վկայականը: Ընդ որում, որոշ նահանգներում լուսանկարի առկայությունը եւս պարտադիր նախապայման չէ, հանգամանք, որ լայն քննարկումների առարկա էր դարձել հատկապես 2012-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Արժե նշել նաեւ, որ ամերիկացիների մի ստվար զանգված անձնագիր չունի, քանի որ դրա անհրաժեշտությունն առաջանում է երկրից դուրս ճանապարհորդելու ընթացքում, ինչը շատ ամերիկացիներ չեն անում ողջ կյանքի ընթացքում: Ընտրություններն անց են կացվում երկրի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաեւ նահանգի կարգավիճակ չունեցող մայրաքաղաք Վաշինգտոնում: Երկկուսակցական քաղաքական համակարգ ունեցող ԱՄՆ-ում պայքարն ընթանում է նախագահի երկու հիմնական թեկնածուների միջեւ, սակայն սա չի նշանակում, թե օրենքով, կամ որեւէ այլ որոշմամբ նախագահի հանրապետական եւ դեմոկրատական թեկնածուներից զատ այլ կուսակցություններից, կամ ինքնառաջադրման միջոցով թեկնածուներ չեն լինեում: 2012 թվականի ընտրություններին, օրինակ, բացի Բարաք Օբամայից եւ Միթ Ռոմնիից, առաջադրվել էին եւս 4 թեկնածուներ. կանաչների կուսակցությունից կին թեկնածու Ջիլ Սթայնը, Ազատական կուսակցությունից` Գերի Ջոնսոնը, Սահմանադրություն կուսակցությունից` Վիջիլ Գուդը եւ Արդարություն կուսակցությունից` Ռոքի Անդերսոնը: Վերջիններիս անուններն ընտրաթերթիկներում էր հայտնվում տարբեր նահանգներում միայն, կախված նրանից, թե նախընտրական փուլում ինչ քանակի աջակցություն էին ստացել երկրի այս կամ այն հատվածում: Քաղաքացիների ընտրություններին մասնակցելուց հետո ձայների հաշվարկը տեղի է ունենում հետեւյալ կերպ: Կախված նրանից, թե կոնկրետ նահանգում որ թեկնածուն է ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը, այդ նահանգի բնակչության թվաքանակով պայմանավորված պատվիրակների ձայները տրվում են հաղթող թեկնածուին: Ինչ է սա նշանակում: 1787 թվականին, երբ ստեղծվեց ԱՄՆ-ի սահմանադրությունը, Արեւմտյան Եվրոպայում քաղաքացիների անմիջական ընտրության մեխանիզմ դեռեւս չկար: Սահմանադրության հեղինակները երկաստիճան համակարգ սահմանեցին ընտրությունների վերաբերյալ, որի համաձայն քաղաքացիների ուղիղ ընտրությունից հետո, այսպես կոչված ընտրական քոլեջի անդամները (պատվիրակները), որոնց թիվը տարբերվում է նահանգից նահանգ, ընտրություններից մոտ մեկ ամիս անց հավաքվում եւ ներկայացնում են իրենց նահանգի ընտրությունների արդյունքները, եւ ապա նահանգում ուղիղ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած թեկնածուն ստանում է ընտրական քոլեջի բոլոր անդամների ձայները: Բացառություն են Նեբրասկա եւ Մեյն նահանգները, որտեղ յուրաքանչյուր ընտրողի ձայն տրվում է նախընտրյալ թեկնածուին: Ընտրական քոլեջի անդամների թիվը սահմանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Սենատի անդամների համապատասխանությամբ, որն այս պահին հասնում է 538-ի, եւ ուրեմն ընտրական պատվիրակներից առնվազն 270-ի ձայները ստանալու պարագայում թեկնածուն հռչակվում է երկրի նախագահ: Ընտրական քոլեջի ամենաքիչ ձայներ ունեցողը մայրաքաղաք Վաշինգտոնն է (3), իսկ ամենաշատը` Կալիֆորնիան (55): Կախված նահանգի ընտրական քոլեջի անդամների թվից, թեկնածուները նախընտրական փուլում փորձում են կենտրոնանալ հենց այդ նահանգներում ակտիվ ընտրարշավ իրականացնելու վրա: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների համակարգի ընդդիմախոսների հիմնական փաստարկը հետեւյալն է. իսկ ինչ, եթե ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը ձայնը տալիս է թեկնածուներից մեկին, սակայն կախված տարբեր նահանգներում ընտրական քոլեջի անդամների թվից` հաղթում է մյուսը: Իրավիճակ, որ տեղի է ունեցել անցյալում` առաջացնելով սահմանադրական կազուս: Համանման մի իրավիճակ ստեղծվեց 2000 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ընտրություններից 1 ամիս անց պարզ չէր, թե ով է հաղթող թեկնածուն, եւ ապա միայն ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշմամբ նախագահ դարձավ Ջորջ Բուշը: Նրա հիմնական ընդդիմախոս, Քլինթոնի տարիներին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած եւ նախագահի թեկնածու Ալ Գոռը հայտարարեց, թե համաձայն չէ դատարանի կայացրած որոշման հետ, սակայն շնորհավորեց Բուշին հաղթանակի կապակցությամբ:

No comments: