
«Արաքս»-ի նախորդ համարում անդրադարձել էինք հայկական դպրոցների վիճակի, շեշտել նրանց մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին: Այս խնդրով, իհարկե, մենք նոր չէ որ գրում ենք ու կոկորդ պատռելու չափ բղավում, որ գեղեցիկ լոզունգներով մակարդակ չես բարձրացնի: Բայց, դժբախտաբար, մեր «ազգային» կառույցներում լսող ականջ չկա: Մարդիկ միայն մտածում են, ամեն կերպ «մեծամասնությունը» պահպանելու մասին ու զօր ու գիշեր զառանցում են նրանց մասին, «որ ուզում են իրենց գլուխը կտրված տեսնել»:
Ահա, դժբախտաբար, փակվեց «Քուշեշ-Դավթյան» դպրոցը աշակերտ չունենալու պատճառով, երբ նույն դպրոցի հարեւանությամբ գործող ոչ-հայկական դպրոցում հայ աշակերտների թիվը ավելին էր: Իսկ, ի զարմանս բոլորի, ԹՀԹ Կրթական խորհրդի մոտ, հետ երկարատեւ խորհրդակցության, առաջացել է այն տեսակետը, որ «աշակերտների թվային պատկերը նկատի ունենալով թեհրանահայ համայնքին բավարար է հայկական երկու տղայոց միջնակարգ դպրոց ունենալը»:
Վստահաբար, մի-երկու տարի հետո էլ, դարձյալ նույն տրամաբանությամբ կարելի է փակել հայկական մյուս դպրոցները:
Կրթական խորհուրդը իր մեկամյա աշխատանքի ընթացքում թեեւ արձանագրել է նաեւ դրական գործեր, սակայն փաստ է, որ նույն աշխատանքի արդյունքում այսօր փակվում է «Քուշեշ-Դավթյան» դպրոցը: Ուստի պրն. Նորայր Արամյանին առաջարկում ենք իր ղեկավարած կազմով միատեղ հրաժարվել այդ կարեւոր ու պատասխանատու պաշտոնից եւ տեղը զիջել բանիմաց մարդկանց, որոնք պիտի աշխատեն որակավորել հայկական դպրոցները եւ տուն վերադարձնեն հայ աշակերտին
Հրայր
No comments:
Post a Comment