Saturday, December 6, 2008

«ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼ»

Երուսաղեմ այցելած եւ Հին քաղաքի թոհուբոհի մեջ հայտնված ամեն ոք լավ գիտի, որ այնտեղ ամեն պահ կարելի է մոլորվել, հրմշտվել ու շշմել տարբեր լեզուներով գոռում-գոչյուններից, անիրական թվացող պատկերներից ու հայտնվել աներեւակայելի վիճակների մեջ: Ահա թե ինչու Հին քաղաք գրեթե չեն այցելում Իսրայելի այլ քաղաքներում բնակվող հրեաները, որոնց մեծ մասը գաղափար անգամ չունի Հայաստանի մասին եւ Արմենիան շփոթում է Ալբանիայի հետ: Ի տարբերություն նրանց, երուսաղեմաբնակ հրեաները լավ գիտեն հայերի մասին եւ եբրայերենով նրանց առաջին արձագանքը լինում է. «Օ՜, հայերը: Նրանք շատ հարուստ են Հին քաղաքում»: Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող տարածքներն, անշուշտ, նախանձաշարժ են ոչ միայն հրեաների համար: Դա հասկանալու համար երեւի թե ամեն մի հայաստանցի պիտի մեկնի այնտեղ, սեփական աչքերով տեսնելու եւ համոզվելու, որ այդ ամենը պահել, պահպանելու համար իմաստնությունից բացի զորեղ կամք եւ ուժ է պետք, նաեւ զինվորականի զգաստություն, ամեն վայրկյան ակնկալվող սադրանքների դեմն առնելու համար: Դրանում վերջերս համոզվեցին այն 48 հայաստանցի ուխտավորները, որոնք Երուսաղեմ էին մեկնել Արարատյան հայրապետական թեմի Արտաշատի հոգեւոր հովիվ Մխիթար քահանա Ալոյանի հետ: Նրանց մեջ է եղել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի քարտուղար Անդրանիկ Հակոբյանը, որի, ինչպես նաեւ մյուսների, Երուսաղեմից ունեցած հիացական տպավորությունները միախառնվել են Գյուտ Խաչի տոնի ժամանակ Ս. Հարության տաճարում հայ եւ հույն հոգեւորականների եւ իսրայելցի ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման պատճառած ցավագին զգացման հետ: Իսրայել մեկնել են Վրաստանի տարածքով, Թել-Ավիվի օդանավակայանում նրանց դիմավորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Թեոդորոսը: Ուխտավորների համար նախատեսված 10-օրյա հագեցած ծրագրի առաջին օրն անցել է Սուրբ Հակոբեանց վանքում, շրջել են հայկական թաղամասում, եղել Թարգմանչաց վարժարանում, հանդիպել Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի հետ: «Եղանք նաեւ Ժառանգավորաց հոգեւոր վարժարանում, որտեղ սովորում է ընդհանուր թվով 34 ուսանող, բոլորի համար ստեղծված են ուսման եւ հանգստի հարմարավետ պայմաններ, դասախոսների հիմնական կազմը Հայաստանից է, որոշ առարկաների համար դասախոսների կարիք կա: Ուսանողների մեծ մասը հավաքագրված է Հայաստանից, Վրաստանից: Զարմանալի էր, որ երկու ուսանող անցած տարի եկել էին Դիարբեքիրից (Թուրքիա): Նրանք եղբայրներ են, սկզբում ոչ մի բառ չեն իմացել հայերեն, հիմա վարժ խոսում են», պատմում է Անդրանիկ Հակոբյանը: Ուխտագնացության երրորդ օրը նրանց համար մի ուրիշ խորհուրդ է ունեցել, որովհետեւ այդ օրը՝ Գյուտ Խաչի տոնին հայ հոգեւորականների թափորի հետ պիտի այցելեին Սբ. Հարության տաճար ու մտնեին Հիսուսի գերեզմանը համարվող խորհրդավոր խորան: «Տաճար հասնելով այնպիսի տպավորություն ստացանք, կարծես հույները ինչ-որ բանի էին նախապատրաստվում. արարողությունը սկսվելուց երկու ժամ առաջ այնտեղ էին Բի-Բի-Սի, Սի-Էն-Էն, ինչպես նաեւ թուրքական Էռ-Տե-Էռ հեռուստաընկերությունների լրագրողները: Հավատացյալներն ասում էին, որ վերջին մի քանի տարիներին տաճարի մոտ լրագրողներ չէին երեւացել: Դա հուշում էր, որ հույներն ինչ-որ բան էին ծրագրել: Երբ հայ հոգեւորականների թափորը Արիս սրբազանի գլխավորությամբ շարժվեց դեպի Հիսուսի գերեզման, առաջին պտույտն անելուց հետո հույները հարձակվեցին նրանց վրա: Սկզբում հայ հոգեւորականներին հաջողվեց կանխել հույների հարձակումը շնորհիվ իսրայելցի ոստիկանների զգոնության, սակայն երբ սկսվեցին բանակցությունները Արիս սրբազանի, հույն եպիսկոպոսների եւ Երուսաղեմի ոստիկանապետի միջեւ, հայ եւ հույն հոգեւորականները նորից ընդհարվեցին ոստիկանների կոշտ վերաբերմունքի պատճառով: Այդ բախումը կարճ ժամանակ անց վերաճեց ոստիկանների ու ճեմարանականների միջեւ բախման, քանի որ հույներն արդեն հետ էին քաշվել: Ընդհարման պատճառով բավականին հոգեւորականներ էին վնասվել, տուժել էին նաեւ ոստիկանները, ինչը մեզ ձեռնտու չէր, քանի որ Իսրայելում օրենքով արգելված է ոստիկանին հարվածելն ու վիրավորելը, դրա համար շատ խիստ պատժամիջոցներ են կիրառվում», պատմում է Անդրանիկ Հակոբյանը: Մեր ճեմարանականներից ձերբակալվեց Նինոծմինդայում ծնված Աթանեսը: Երբ իսրայելցի ոստիկանները նրան Հին քաղաքի միջով տարել են Դավթի տաճարի մոտ գտնվող ոստիկանատուն, նա ամբողջ ճանապարհին երգել է «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» երգը: Ոստիկանատանը նրան պահել են մի գիշեր: Հետո Աթանեսն ասել է, որ այնտեղ իրեն ծեծել են: Հնգօրյա տնային կալանքից հետո ուխտավորները գնացել են Աթանեսին տեսության: «Շատ ջերմ հանդիպում էր, մեզ համար ուրախալի էր տեսնել, որ նա վնասվածքներ չէր ստացել եւ բոլորովին ընկճված չէր: Կարծում եմ, նման միջադեպերը պետք է լուծվեն բարձր մակարդակով, որպեսզի հույն եւ հայ հոգեւորականները որեւէ խնդիր չունենան ծեսեր իրականացնելու ժամանակ, այլապես բախումները կարող են շարունակական լինել: Մեզ համար ցավալի էր, որ այդ ընդհարումից հետո այլեւս չկարողացանք հասնել Քրիստոսի գերեզմանի մոտ, փաստորեն, մեր ծրագիրն այնտեղ անավարտ մնաց: Նորից պիտի ասեմ, որ այդ ամբողջ իրարանցումը կազմակերպել էին հույները. Սբ Հարությունում սոսկալի աղմուկ աղաղակ էր, կային տարբեր երկրներից եկած ուխտավորներ, ուղղակի անհավատալի վիճակ էր, որը տեւեց մոտ մեկ ու կես ժամ: Այդ ամենը տեսնելուց հետո հասկանում ես, որ Երուսաղեմում հայ հոգեւորականից պահանջվում է նաեւ զինվոր լինել, մանավանդ որ հույն հոգեւորականները բավականին մեծաքանակ են: Ցավոք, Երուսաղեմում մեր հոգեւորականների թիվը մեծ չէ եւ հենց այդ պատճառով հույներն իրենց քանակային առավելությունը ձգտում են օգտագործել իրենց հարցերը լուծելու համար: Լավ կլինի, որ Երուսաղեմում ունենանք կազմակերպված եւ ֆիզիկապես առողջ ճեմարանականներ, որպեսզի նրանք կարողանան Հայ եկեղեցու իրավունքները անվախորեն պաշտպանել: Նկատելի էր, որ ուսանողների մեջ ֆիզիկապես ուժեղ տղաներ չկային, հատկապես Հայաստանից գնացածները շատ փոքրամարմին էին», ասում է Հակոբյանը: Չնայած միջադեպի պատճառած տխրությունը թանձրացել է նրա սրտում, սակայն Երուսաղեմի բացառիկ գեղեցկությունը հիշելիս դեմքին իսկույն ժպիտ է հայտնվում: «Շատ քաղաքներում էի եղել, բայց Երուսաղեմն արտասովոր գեղեցիկ էր: Հիմա ուխտագնացությունից հարցուփորձ անողներին խորհուրդ եմ տալիս անպայման գնալ ու տեսնել այդ զարմանահրաշ քաղաքը: Անմոռանալի են նաեւ Հորդանան գետը, Գալիլիայի եւ Մեռյալ ծովերը եւ քրիստոնեական այն բոլոր սրբավայրերը, որ հասցրեցինք տեսնել ուխտագնացության տասն օրերի ընթացքում»: ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

No comments: