
/PanARMENIAN.Net/ 24.02.2009 - Հնդկաստանի ռեգբիի պատանեկան հավաքականը մեծ մասամբ բաղկացած է հայերից: Այդ մասին ասվում է livemint.com կայքում տեղակայված տեղեկատվության մեջ: Հավաքականի մարզիչ Էյմին Շահյանիի խոսքով, անցյալ տարի, երբ հավաքականը մասնակցում էր Բրունեյի միջազգային հանդիպումներին, թիմի 12 խաղացողները հայեր էին: «Հավաքականի հայազգի անդամները հանդիսանում են Կալկաթայի հայկական քոլեջի եւ մարդասիրական ակադեմիայի ուսանողները»,- ասում է հայկական սպորտային ակումբի ռեգբիի թիմի մարզիչ Դավիդ Պարդին:
Մարդասիրական ակադեմիայի քահանա եւ մենեջեր Օշագան Գուլգուլյանի խոսքով, հայկական քոլեջի ուսանողները հանդես են գալիս նաեւ այլ սպորտաձեւերում, ինչպիսիք են ֆուտբոլը, բասկետբոլը եւ վոլեյբոլը, բայց ռեգբին, այնուամենայնիվ, մնում է քոլեջի ներսում ամենատարածված սպորտաձեւը: «Ես չգիտեմ, թե սա ինչ «համաճարակ» է, բայց այն պահից, ինչ ես այստեղ եմ, այնպիսի տպավորություն ունեմ, կարծես ուսանողները վարակված են ռեգբիի վիրուսով,- ասում է Գուլգուլյանը,- Վարոս Բոյաջյանը դեռեւս 12 տարեկան է, նա մեզ մոտ մի քանի ամիս առաջ է եկել եւ սովորում է առաջին դասարանում, բայց արդեն ապագա աստղի խաղ է ցուցադրում»:
Ռեգբին անբաժան մասն է 188-ամյա հայկական քոլեջի եւ մարդասիրական ակադեմիայի, որը Կալկուտայում Դավիդյանների իգական դպրոցի հետ միասին կրթությամբ եւ օթեւանով է ապահովում 87 հայ տղաների եւ աղջիկների, որոնք ժամանել են արտասահմանից: Նրանք հիմնականում երեխաներ են, որոնք ճակատագրի քմահաճությամբ հայտնվել են առանց օթեւանի եւ ծնողների խնամակալության: Ռազմիկ Սուրենը ապրել է Իրաքում եւ տեսել է, ինչպես իր շատ ընկերներ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել են Բաղդադի փողոցներում: Սուրենը եւ նրա հինգ ընկերները, որոնք Իրաիքց դուրս են բերվել Գուլգուլյանի կողմից, ներկայումս ապրում եւ սովորում են Կալկուտայում:
«Մինչ այդ ես երեխաներ եմ բերել նաեւ Իրանից: Մենք այդ տղաներին հարկի կրթություն ենք տալիս, լավ պայմաններ եւ այդ ամենը` առանց մեկ պեննի անգամ նրանցից վերցնելու: Չնայած, որ քոլեջը հայկական է, այն առաջնորդվում է հնդկական դպրոցներին հատուկ կրթական համակարգով, այսինքն` բոլոր առարկներն անցնում են անգլերեն, իսկ դրանց հետ մեկտեղ անցնում են նաեւ հայերեն: Մենք ցանկանում ենք ավելացնել ուսանողների թիվը մինչեւ 300: Ես կարծում եմ, որ ֆոնդերն ու ինֆրակառույցը կկարողանային օգնել մեզ այդ գործում: Քոլեջը ֆինանսական խնդիրներ չունի: Այն օժտված է ամեն ինչով` եւ' լվացքատնով, եւ' մեխանիզացված խոհանոցով, ննջարաններով, հիվանդանոցով եւ ներքին լողավազանով: Մենք ծրագրում ենք շուտով կառուցել մի քանի մակարդակներով մարզահամալիր»,- ասում է Գուլգուլյանը:
Շատ վարկածներ կան այն հարցի վերաբերյալ, թե երբ եւ ինչպես են հայերը եկել Հնդկաստան: Բայց ինքնին երկրում ընդունված է հայերի` հնդկական հողին ոտք դնելու առաջին տարեթիվը համարել հայ առեւտրական Թոմաս Կանայի ժամանումը Մալաբարյան ափ 780թ.:
«Հայերն այստեղ եղել են դեռեւս նախքան բրիտանացիների հայտնվելը»,- ասում է հայկական եկեղեցական խորհրդի անդամ Սունիլ Սոբտին:
Կալկուտայում հայերը զբաղվել են բացարձակապես ամեն ինչով` ե'ւ հյուրանոցային բիզնեսով, ե'ւ անշարժ գույքով, ե'ւ առեւտրով: Հայկական քոլեջը հիմնվել է 1821թ. հայ առեւտրական Աստվածատուր Մուրադհանի նախաձեռնությամբ: Այն ժամանակից ի վեր կրթարանը կոչվում է հայ մարդասիրական ակադեմիա: Չորս տարի անց հայ առեւտրական Արաթոն Կալոսի հիմնած մեկ այլ դպրոց ձուլվեց ակադեմիայի հետ: 1850թ. հայ ձեռներեցների շնորհիվ ակադեմիայի ֆոնդը զգալիորեն ավելացավ:
Պատանեկան հավաքականի մարզիչ Պարդիի խոսքով, Կալկաթայում հայերը առաջինն են ներկայացրել ռեգբիի ոչ բրիտանական թիմը 135 տարի առաջ: «Այն օրերին այստեղ ավելի շատ հայեր կար, եւ մենք երկու թիմ ունեինք, բայց 1960թ.-ից մնաց միայն հայկական սպորտային ակումբը, որն ամբողջությամբ բաղկացած է քոլեջի ուսանողներից»,- ասում է Պարդին:
Հայ հարուստ ընտանիքների մեծամասնությունը գաղթել է արեւմուտք, բայց նրանցից շատերը շարունակում են օժանդակել քոլեջին, որը հանդիսանում է հարյուրավոր անօթեւան երեխաների ապաստանը:
No comments:
Post a Comment