Wednesday, February 25, 2009

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման նպատակով դատական գործ է հարուցվել գերմանական «Deutsche Bank»-ի եւ «Dresdner Bank»-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակն առաջին անգամ դատական գործ է հարուցել «Deutsche Bank» եւ «Dresdner Bank» բանկերի նկատմամբ` դրանցում ավանդներ ներդրած ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման նապատակով: Գրասենյակի ղեկավար Վարդգես Եղիայանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ բանկերի հետ իրավական բանակցություններն ընթացել են վերջին երեք տարիների ընթացքում, ակնկալվում է, որ գործը երդվյալ ատենակալների վճռին կարժանանա 2010թ-ի ապրիլին: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հատուկ օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում հայ ավանդատուներին պահանջներ ներկայացնել մինչեւ 2016թ-ը: «Դատական գործը պաշտպանվում է շատ եռանդուն կերպով»,-ասաց Վ.Եղիայանը: Գրասենյակը վարել եւ հաջողությամբ է պսակել ամերիկյան «Նյու Յորք լայֆ» ընկերությունից զոհերի ժառանգների փոխհատուցման գործընթացը: «Նյու Յորք լայֆ»-ի հետ բանակցություններն սկսվել էին դեռեւս 1998թ-ին, եւ քանի որ ընկերության կողմից դրական արձագանք չկար, փաստաբանական գրասենյակը դիմել էր Լոս Անջելեսի Դաշնային շրջանային դատարան 1999-ի նոյեմբերին: Վ.Եղիայանը նախկին նահանգապետ Ջորջ Դեոքմեջյանի եւ նահանգից ընտրված սենատոր Չակ Փուչիգյանի օգնությամբ նաեւ հատուկ օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել Կալիֆոռնիա նահանգում` մինչեւ 2010թ-ը երկարաձգել Թուրքիայում ավանդներ ներդրած անձանց պահանջների հայցերի ընդունումը: Գործն սկսվել է մեկ հայցվորով եւ հասել 12-ի: Բոլոր անհատները, ում պոլիսները չեն վճարվել, ներառվել են դատական գործընթացի միեւնույն դասի մեջ: Դատական գործ բացելուց հետո հայտնի է դարձել, որ հայերի 2 հազար 300 պոլիսներ չեն վճարվել: Բանակցությունները շարունակվել են մինչեւ 2002թ-ը, երբ հարցը լուծվել է: Վճարման խորհուրդն ազդարարել է աշխարհի տարբեր կողմերում գտնվող հայերին ուսումնասիրել կայքը եւ հարազատներ հայտնաբերելու դեպքում լրացնել հայցը: Մեկ տարվա ընթացքում 5 հազար 700 պահանջներ են լրացվել 2 հազար 300 պոլիսների համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանից 1600-ն են արդարացված. 700 պոլիսներ այդպես էլ հայցվորներ չեն ունեցել` անվանումների փոփոխության, ընտանիքից ողջ անդամ չլինելու կամ այլ պատճառներով: Մոտ 20 միլիոն դոլարի գործը փակվել է վճարումից հետո: «Վիկտորիա» կյանքի ապահովման գերմանական ընկերության դեմ դատական գործընթացը գրասենյակը բացել էր դեռեւս 2001թ-ին: Այս դեպքում «Վիկտորիան» որոշել էր բողոքարկել Դաշնային դատարանի վճիռն առ այն, որ երկարաձգվում էր պահանջների ներկայացման ժամկետը մինչեւ 2010թ-ը: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին ակնկալվում է Իններորդ շրջանային դատարանի որոշումը: «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության դատական գործընթացը գրասենյակը բացել է 2001թ-ին` 2007թ-ին հաստատվելով 17,5 միլիոն դոլարի չափով: Պոլիսները ներկայացնող կայքէջը փակվել էր նախորդ տարվա հունվարին, որից հետո սկսվել է հայցերի ուսումնասիրությունը: 13 հազար 750 պահանջներ են ներկայացվել չվճարված պոլիսների համար. ակնկալվում է, որ դրանք կվճարվեն այս տարվա ապրիլին: «Աքսա»-ի հովանու տակ են` «Caisse Paternelle», «La Confiance», «L'Union Vie» ընկերությունները: Բրիտանական ապահովագրական ընկերությունների միության` «AVIVA»-ի դեմ եւս դատական գործընթաց է բացվել (պոլիսները վաճառվել են « Consolidated Union and Norwich Union» անվանումների տակ): Այդ հայցի ներկայացման նախնական փուլն է. այս ընկերություններից ապահովագրական պոլիսներ գնած ցանկացած մարդ կարող է միանալ դատական գործընթացին:

No comments: