Tuesday, May 5, 2009

Դեմ են սահմանի բացմանը

A1+- 4-5-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսվում է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Վաղը պետքարտուղարը կընդունի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Բանակցությունների հիմնական թեման, ըստ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու հայ - թուրքական հարաբերությունների նորմալացումն է։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարությունների մամուլի ծառայությունները բավարարվել են միայն չոր տեղեկատվությամբ այն մասին, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի հրավերով Էդվարդ Նալբանդյանը մայիսի 3-5-ը կայցելի Վաշինգտոն։ Ադրբեջանից հաղորդել են, որ ԱՄՆ պետքարտուղարի հրավերով Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում կլինի մայիսի 4-5-ը։ «Ինչպես պետքարտուղար Քլինթոնը, այնպես էլ նախագահ Օբաման նշել են, որ ցանկանում են նշանակալից առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Երկու արտգործնախարարները առանձին-առանձին հանդիպումներ են ունենալու պետքարտուղարի հետ։ Իսկ մենք' համանախագահներս, պատրաստվում ենք մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը», - ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նաեւ նշել է, որ երկու խնդիրները տարբեր են, բայց պետք է լուծվեն զուգահեռաբար. «Մենք ակնկալում ենք, որ այդ երկու գործընթացները առաջ կշարժվեն զուգահեռաբար, բայց տարբեր արագությամբ», - նշել է նա։ Ի դեպ, ամերիկացի համանախագահը հատուկ ընդգծել է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորում ասելով' սահմանի բացում նկատի չունի. «Սահմանի բացումը ավելի ուշ կլինի, հարաբերությունները նորմալացնելու գործընթացում»։ APA գործակալությանը տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետը վստահեցրել է, որ բանակցային սեղանին դրված է արդար ու հավասարակշռված փաստաթուղթ։ Ի դեպ, «Ա1+»-ը մեկ շաբաթ անց էր կացնում ինտերնետային հարցում' «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» բովանդակությամբ: Հարցմանը մասնակցած 2180 քաղաքացիների միայն 20.3%-ն է դրական գնահատում ստորագրված հայտարարությունը, 67.2%-ի համար ստորագրված հայտարարությունը բացասական է, իսկ 12.5%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ում են, Թուրքիայի նոր արտգործնախարարը Ահմեդ Դավիթօղլուն համակերպվում է իր ստանձնած պաշտոնին: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ, փոփոխություններ է կատարել նախարարների կաբինետում եւ իր նախկին գլխավոր խորհրդական Ահմեդ Դավիթօղլուն ստանձնել է ԱԳ նախարարի պաշտոնը, իսկ ԱԳ նախկին նախարարը' Ալի Բաբաջանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար:

No comments: