Wednesday, May 6, 2009

Դուբինկաներով հարձակումները սպառնալիք են. լրագրողի վրա հարձակման քննությունը սխալ ուղղությամբ է գնում

Tert.am. 5-5-2009- Armenia Today էլեկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ապրիլի 30-ին տեղի ունեցած հարձակման փաստի առիթով հարուցված քրեական գործը սխալ ուղղությամբ է ընթանում։ Այսօր այս դեպքի մասին «Ուրբաթ» մամուլի ակումբում խոսել են Հելսինկյան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը, փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը և Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը։ Ավետիք Իշխանյանը, որը լրագրողի վրա հարձակումից հետո այցելել է նրան, նշել է, որ այդ դեպքն իր դաժանությամբ գերազանցում է մինչ այդ նմանատիպ դեպքերին։ «Դա, հավանաբար, քաղաքական պատվեր է», - ասել է Իշխանյանն ու ավելացրել, որ Հայաստանում ապրելը շատ վտանգավոր է դառնում։ Փաստաբաննների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը տեղի ունեցածը զարհուրելի դեպք է որակել ու նշել, որ նման հարձակումներն ու սպանության փորձերը բացահայտման առումով խնդրահարույց են։ Նա տեղեկացրել է, որ Կիվիրյանի վրա հարձակման առիթով քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 117 հոդվածով` մարմնական վնասվածնքեր մասով, մինչդեռ պետք է գործը հարուցվեր քրօրի 104 հոդվածի երկրորդ` այսինքն` սպանության փորձի մասով։ Ըստ Սահակյանի՝ դա եղել է սպանության փորձ, որովհետև փորձ է արվել վնասել լարգրողի կենսականորեն անհրաժեշտ գլուխը։ Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը հայտարարել է, թե դուբինկաներով մարդկանց վրա հարձակվելը, սպառնալը, սպանության փորձերն արդեն սպառնալիք են դառնում հասարակության համար։ Հարձակման ենթարկված Արգիշտի Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը, իր հերթին, նշել է, թե ամուսնու վրա հարձուկումը դժվար թե կապված լիներ իր փաստաբանական գործունեության հետ, քանի որ բարոյականություն չեն դրսևորել Արգիշտիի վրա հարձակված մարդիկ, և եթե խնդիրն իր հետ լիներ, առանց դժվարության իր վրա էլ կհարձակվեին։ Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ անկախ նրանից, թե Կիվիրյանի վրա հարձակումը իր, թե ամուսնու լրագրողական գործուենության հետ է կապված, միևնույնն է, իրենց այս դեպքը դրդելու է ավելի սկզբունքային լինել իրենց գործունեության մեջ։

No comments: