Monday, May 4, 2009

ԼՂՀ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք` հայ-թուրքական հարաբերություների վերջին իրադարձություններին նվիրված խորհրդակցության մասնակիցներս, ընդհանրացնելով ծավալված քննարկումների եւ բանավեճի ընթացքում արտահայտված բոլոր տեսակետները, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, եկանք հետեւյալ եզրակացության: Արձանագրում ենք, որ 2009թ. ապրիլի 23-ին Ժնեւում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունների համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ (այսպես կոչված «ճանապարհային քարտեզըե), որը ձեռք բերվեց Շվեյցարիայի միջնորդությամբ, անհանգստությամբ ու հիասթափությամբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական լայն շրջանակների կողմից: Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայսատանի Հանրապետության պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը` դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից` քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով: Պնդում ենք, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի տարածքների մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ միջազգային պայմանագրերի շրջանակներում նրա տարածքների բաժանման ու զավթման հետեւանքով, եւ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են: Գտնում ենք, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության եւ հասարակության լայն շրջանակների խիստ եւ անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետեւեցին 'Ճանապարհային քարտեզի' երեւան գալուց անմիջապես հետո` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Հայկական կողմից չկա որեւե նախադրյալ իրավիճակը այլ կերպ գնահատելու համար: Համարում ենք, որ 'Ճանապարհային քարտեզի' հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին, թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման, այլ նաեւ ողջ հայության համար բարոյա-հոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի եւ արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո: Հայությանը նրա խնդիրների առանձնացման միջոցով բաժանման փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ եւ Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակության հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակներում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզիե վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական են: Արցախի երիտասարդ քաղաքագետների ակումբՀայկի Սերունդ երիտասարդական հասարակական կազմակերպություն Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա ՀԿԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միությունՌուսական համայնք ՀԿԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպությունԿաճառ գիտական կենտրոնՇուշիի կրթական մարզամշակութային ՀԿԱրվեստը հանուն խաղաղության եւ զարգացման ՀԿԱվետյաց երկիր ՀԿԱրցախի ազատամարտիկների միության Հայրենյաց Պաշտպան ԵԿՀՅԴ Արամ Մանուկյան ուս. միությունՀՅԴ Արցախի երիտասարդական միությունԱզատ Հայրենիք կուսակցության երիտասարդական միություն

No comments: