Saturday, May 9, 2009

Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, Խավիեր Սոլանա

Tert.am. 8-5-2009- Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պրահյան հանդիպումը վկայում է այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, բայց ոչ այսօր։ Այդ մասին Պրահայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտաքին քաղաքականության գծով Եվրամիության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան։ Նշենք, որ երկու նախագահների երեկվա հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն, ինչպես նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եկել են հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը։ Հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ ասելով հասկացվում է ազգային ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները: Ինչպես նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոսկովյան հանդիպումների ժամանակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առանցքային խնդիրը կարգավիճակի հարցն է: Բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների շուրջ տեսակետների մոտեցումները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրում` առանց օրակարգի սահմնափակման:

No comments: