Wednesday, April 13, 2011

Թուրքիայի եւ Ճապոնիայի միջեւ ԱԷԿ-ի շինարարության մասին բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են

News.am. 13-4-2011- Թուրքիայի եւ Ճապոնիայի միջեւ ԱԷԿ-ի շինարարության մասին բանակցությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Ինչպես հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, ճապոնական կառավարությունը Անկարային խնդրել է որոշ ժամանակով կանգնեցնել Ճապոնիայի օգնությամբ Թուրքիայի տարածքում ԱԷԿ կառուցելու վերաբերյալ բանակցությունները, հայտնում է Antalyatoday պորտալը։
«Մենք ճապոնացի չինովնիկներին ասել ենք, որ, իհարկե, կարող ենք ժամանակ տալ նրանց»,- ասել է Թաներ Յըլդըզը։
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժից եւ դրան հետեւած ցունամիից հետո արդիական է դարձել աշխարհի բոլոր երկրներում կառուցված ատոմակայանների անվտանգության հարցը:
Գերմանիան դարձել է առաջին երկիրը, որը քայլեր է ձեռնարկել ատոմային նախագծերը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ երկիրը երեք ամսով կդադարեցնի մինչեւ 1980 թվականը կառուցված ատոմային էլեկտրակայանների աշխատանքը՝ դրանց հետագա շահագործման հնարավորությունները ստուգելու համար:
Իսկ ահա Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ իր երկիրը հետեւություններ կանի Ճապոնիայում տեղի ունեցած միջուկային վթարից, սակայն չի հրաժարվի մինչեւ 2023-ը երեք ԱԷԿ-ներ կառուցելու իր պլաններից:

Հայկական ԱԷԿ-ը, որը տեղակայված է Երեւանից 30 կմ հարավ՝ Մեծամոր քաղաքում, միակն է տարածաշրջանում։ Նշենք, որ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից՝ նույնիսկ Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունից հետո:

No comments: