Thursday, May 7, 2009

Financial Times. Հայաստանի և Ադրբեջանի օգուտներն ու զիջումները

Tert.am 6-5-2009- Կովկասի գծով փարձագետ, բրիտանացի լրագրող, «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի մեջ» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը հանդես է եկել բրիտանական «The Financial Times»-ի էջերում` «Թող Կովկասում պատերազմի ուրվականը հանգիստ ննջի» հոդվածով: Մինչդեռ ամբողջ աշխարհը պայքարում է գլոբալիզացիայի առաջին ճգնաժամի դեմ, Կովկասը, կարծես, կանգնել է Առաջին համաշխարհայինի շեմին, երբ կայսրությունների հզոր պայքար էր ծավալվել: Ինչպես նախորդ օգոստոսին ցույց տվեց Վրաստանի տխրահռչակ պատերազմը, Եվրոպայում այլևս ոչ մի տեղ պատերազմն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում, հայտարարում է հոդվածագիրը: «Այնուամենայնիվ, այս տարի ամռանը Կովկասի համար կարող է լուսավոր գիծ բացվել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Թուրքիան` կասյրություններ, որոնք իրենց շահերն են հետապնդում այս դժբախտ տարածաշրջանում, մի պահ միավորել են իրենց ջանքերը: Արդյունքում՝ նրանց հնարավորություն է ընձեռվել ազատվել ամենավտանգավոր, թեև ոչ ամենաերևացող խնդրից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Մինչ հակամարտությունը փորձում էր իր լուծումը գտնել, դրա հարևանությամբ ծագեց կարևոր էներգետիկ երթուղի` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որը կառուցվել է British Petroleum-ի (BP) կողմից: Խողովակաշարը, որը նախատեսված է օրական 1 միլիոն բարել նավթ փոխադրելու համար, գտնվում է կրակի գոտուց տասը մղոն հեռավորության վրա: Նոր եկամուտների շնորհիվ` Ադրբեջանն այժմ ունի աշխարհում ամենաարագ աճող ռազմական բյուջեն: Ներկա պահին ռազմական ծախսերի համար նախատեսված գումարները գերազանցում են Հայաստանի ողջ բյուջեն: Ամենաբարձրագոչ ադրբեջանցիները կոչ են անում բանակին պատրաստվել Լեռնային Ղարաբաղը «հետ վերադարձնելու» համար պատերազմին` այսպիսով արթնացնելով պատերազմի ստվերը, ինչը սարսափազդու կլինի ողջ տարածաշրջանի համար: Այնուամենայնիվ, խաղաղ պայմանագրի նախագծի մասին բանակցությունները շարունակում են ձգձգվել: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կքննարկեն խաղաղության համաձայնագիրը մայիսի 7-ին Պրագայում: Երկու առաջնորդներն էլ ստիպված կլինեն դիմել ցավոտ փոխզիջումների: Ադրբեջանը ստիպված կլինի ընդունել, որ, փաստորեն, կորցրել է տվյալ տարածքը, կամ, առնվազն, այն չի վերադարձնի մոտ ապագայում, սակայն կարող է վերադարձնել Ղարաբաղի շուրջ ընկած հողերը: Հայերը ստիպված կլինեն ընդունել, որ իրենք պետք է վերադարձնեն «գրավյալ» տարածքները և հետաձգեն ԼՂՀ անկախության հույսերը` ինքնավարության և անվտանգության երաշխքիների դիմաց: Խոշոր պետությունները չեն ցանկանում լուրջ ճնշում գործադրել այդ հարցում: Ժողովուրդները փոփոխություններին ակտիվ դիմադրություն են ցուցաբերում, բացի այդ, երկու երկրները հզոր ընկերներ ունեն արտասահմանում: Օրինակ, Միացյալ Նահանգներում Ադրբեջանի հետ սերտորեն կապված է Պենտագոնը և էներգետիկ ընկերությունները, իսկ Կոնգրեսում գործում է ուժեղ հայկական լոբբի: Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը էժան չի լինելու: Ավերված և ամայի տարածքների վերականգնումը ստիպված կլինի իր վրա վերցնել միջազգային հանրությունը: Բացի այդ, Ղարաբաղի հայերին միշտ անհանգստացնում է ադրբեջանական ռազմական սպառնալիքը, և նրանք նախքան պայմանագրի ստորագրումը պահանջելու են, որպեսզի տարածաշրջանում տեղակայվեն վստահություն վայելող խաղաղապահ ուժեր: Սակայն քաղված օգուտները մեծ են լինելու ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև նրանց համար, ովքեր շահեր են հետապնդում տարածաշրջանում` սկսած BP-ից և Եվրամիությունից մինչև Իրան: Խնդրի կարգավորումը նաև դրական անդրադարձ կունենա դեպի Արևմուտք ձգվող Nabucco գազատարի կառուցման ծրագրերի վրա: Սակայն խաղաղությունը կայուն կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջ դնեն ազգային թշնամանքին: Այս առումով օրինակ են ծառայում Թուրքիան և Հայաստանը, ում ընդհանուր պատմությունն էլ ավելի ցավոտ է: Եթե այդ երկրները կարող են համագործակցել, ապա հայերի և ադրբեջանցիների միջև համերաշխությունը, ինչու չէ, հնարավոր է», - այսպիսի կարծիք է հայտնել Թոմաս դե Վաալը:

No comments: