Wednesday, June 17, 2009

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ, ԹԵ «ՄԱՐՏԻ 1-Ը ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

«ԱԶԳ, 17-06-2009- Մայիսի 31-ից հետո Երեւանում տեղի ունեցող հետընտրական զարգացումների ու փոփոխությունների համատեքստում «Ժառանգության» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը «իշխանական կոալիցիայի լոկոմոտիվ համարվող ՀՀԿ-ում» նկատում է լուրջ փոփոխություններ: «Ժառանգության» պատգամավորը դա բացատրում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում մեծամասնություն կազմող հանրապետականները քառաթեւ կոալիցիա ստորագրեցին, մինչդեռ քաղաքապետի ընտրության ժամանակ ակնհայտ դարձավ, որ «ՀՀԿ-ն իր հաղթանակը չի ցանկանում որեւէ մեկի հետ կիսել»: Սաֆարյանին չի զարմացնում ԲՀԿ-իՙ քաղաքապետարանում կոալիցիա կազմելու առաջարկից հրաժարվելը: «Իրենք են իշխանությունը, թո՛ղ իրենք էլ խնդիրները լուծեն: Սա է ԲՀԿ-ի մտածելակերպը: Մայիսի 31-ից հետո Սերժ Սարգսյանը որպես ՀՀԿ եւ ՀՀ նախագահ, փաստորեն, ազդարարեց, որ ՀՀԿ-ն որեւիցե մեկի հետ չի ցանկանում կիսել իր հաղթանակը», նկատում է Սաֆարյանը: Պատգամավորը չբացառեց նաեւ խորհրդարանական կոալիցիայի փլուզում: «Եթե ՀՀԿ-ն չփոխի խնդիրների լուծման եւ ընդհանրապես ամեն ինչի վերաբերյալ իր մոտեցումները, ապա նման միտումներն անկասկած ազդելու են նաեւ կոալիցիայի ներքին կոնֆիգուրացիայի վրա»: Փոփոխություններ կան նաեւ ընդդիմադիր բեւեռում: Սաֆարյանը տեսնում է բազմաթիվ հարցեր, որոնք մնացել են անպատասխան: Սաֆարյանին անհասկանալի է, օրինակ, ՀԱԿ-ի «պայքարը թեւակոխում է 3-րդ փուլ» արտահայտությունը: Նա անհանգստանում է եւ ահազանգում, որ պայքարի կրկնություն թույլ չտրվի: Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած 12 կետերն էլ դժվարանում է «նոր փուլ» անվանել, զուտ այն պատճառով, որ այդ կետերում ներառված խնդիրները լուծելու պահանջը կար նաեւ պայքարի առաջին եւ երկրորդ փուլում: Սաֆարյանը որպես լուծում առաջարկում է համագործակցության նոր բանաձեւի մշակումը, քանի որ ընդդիմադիր դաշտում հստակեցում չկա: Համաներումը չի արդարացնի ընդդիմության ակնկալիքները Ստյոպա Սաֆարյանը` ներկա գտնվելով մարտի 1-ի գործով կալանավորվածների դատավարություններին` հանգել է «մարտի 1-ը ավարտված չէ» եզրակացությանը: «Պարզապես իրականացման ձեւերն ու մեթոդներն են փոխվել: Հետեւաբար կարող եմ փաստել, որ մարտի 1-ը շարունակվում է: Դրան նպաստեցին նաեւ փաստահավաք խմբի լուծարումը եւ համաներման գաղափարը, հետեւաբար իշխանությունները կոնֆլիկտը տրանսֆորմացիայի են ենթարկում»: Սաֆարյանը շարունակվող մարտի 1-ը կանխելու համար առաջարկում է ընդդիմադիր ուժերին պայքարի օրակարգ ձեւակերպել ու քաղաքական համակարգում բարեփոխումներ անցկացնել: Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ համաներումը չի լինելու այն բովանդակությամբ եւ ընդգրկմամբ, ինչպիսին ցանկանում է ընդդիմությունը: Նա չի բացառում, որ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը կլինի միակողմանի` առանց կոմպրոմիսի: «Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի մայիսի 28-ին արված հայտարարությանը: Նախագահն ասաց, որ չի ցանկանում համաներում անել որպես սեփական քայլ: Սա նշանակում է, որ ընդդիմությունը պետք է մեղա գա, համաներման խնդրանքով դիմում գրի: Հետեւաբար համաներումը կլինի մասնակի: Ընդամենը տարրական զոնդաժ է եւ արվում է ռեակցիաները ստուգելու համար», ասաց Սաֆարյանը: «Ժառանգությունում» նաեւ վստահ չեն, որ համաներումից հետո մարտի 1-ի գործով կալանավորված Աժ պատգամավորները կկարողանան աշխատել խորհրդարանում: «Նրանց այս կերպ կպատժեն»: ՀԱԿ-«Ժառանգություն», ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությու՞ն Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական էլիտայում ընդդիմադիր երկու ուժերինՙ ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին արած համագործակցության առաջարկությունը արձագանք կստանա: Եթե եռաթեւ կոալիցիա չստացվի, ապա «Ժառանգությունը» պատրաստ է առանձին համագործակցել քաղաքական ուժերի հետ. ՀԱԿ-ի հետ կփորձեն երկրում հաստատել «ներքին ժողովրդավարություն», իսկ ՀՅԴ-ի հետ խորհրդարանում կփորձեն ազգային գաղափարների շուրջը համագործակցել: Սաֆարյանն այլ մանրամասներ չհաղորդեց, սակայն բացառեց կոտրած տաշտակի մտայնությունը: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: