Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն
«ԱԶԳ, 17-06-2009- Ինչպես երեկ նշել է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը, Ահմեդ Դավութօղլուն վերստին անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, արտահայտվելով դրանց նորմալացման օգտին: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն ազդում են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումների, այլեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա, եւ ասել է. «Դա ճիշտ չէ: Հայաստանի հետ մեր հարաբերությունները չպետք է ներազդեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:
Trend News-ի հարցերին պատասխանելիս, Դավութօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Հայաստանը պնդում է, որ Թուրքիայի հետ բանակցություններում Ղարաբաղի հարցը չի քննարկում: Դա ճի՞շտ է» հարցին Դավութօղլուն տվել է հետեւյալ պատասխանը. «Այդ հարցում ակնհայտ է մեր քաղաքականությունը: Հայաստանի հետ երկխոսությունից զգում ենք, որ նա Կովկասում ձգտում է խաղաղության եւ բարգավաճման: Մենք բարիդրացիական քաղաքականության շրջանակներում ուզում ենք էլ ավելի նորմալացնել երկկողմ կապերը»:
«Ճի՞շտ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» շուրջը ծավալվող բանակցություններին այդքան կարեւորություն այլեւս չի տրվում, որքան վարչապետ Էրդողանի Բաքու այցելությունից առաջ էր» հարցի առնչությամբ արտգործնախարար Դավութօղլուն ասել է. «Ոչ, ճիշտ չէ: Հայաստանի հետ բանակցությունների հարցում բավականին վճռական ենք, նույն տարածաշրջանի մաս ենք կազմում: Այդ իսկ պատճառով էլ պարտավոր ենք կառուցողական լինել եւ խուսափել այն գործողություններից, որոնք կվնասեն բանակցություններին»:
Հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունն անցնում է Թուրքիային: Trend News-ը, ելնելով դրանից, Դավութօղլուին հարցրել է, թե արդյոք նախագահությունը ստանձնող Թուրքիան Ղարաբաղի հարցը Անվտանգության խորհրդի օրակարգում ընդգրկելու ծրագրեր չունի՞: Դավութօղլուն ընդգծել է. «Այդպիսի ծրագրեր, իհարկե, ունենք: Թուրքիան կողմ է Ղարաբաղի նման միջազգայնացված հիմնախնդիրների ընդգրկմանը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի) օրակարգում: Ցանկանում ենք, որ արդյունավետ լինեն Հայաստանի հետ Ադրբեջանի բանակցությունները: Այդ հիմնահարցով հետաքրքրվում ենք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վաշինգտոն կատարածս այցի ընթացքում քննարկել եմ ամերիկյան կողմի հետ: Քննարկումներում հանգել ենք հարցի կարգավորմանը համատեղ ջանքերով ամեն կերպ նպաստելու ընդհանուր եզրակացության»:
Wednesday, June 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment