Wednesday, June 17, 2009

Նաիրիտի վթարված արտադրամասում սկսվել են վերականգնողական աշխատանքներ

Tert.am.16-6-2009- «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ քլորոպրենի արտադրության 1-12բ արտադրամասում ավարտվել է 2009թ. մայիսի 14-ի վթարի հետևանքով վնասված տեղամասի ապամոնտաժումը և սկսվել են վերականգնողական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունն ու ավելացնում, որ մասնագիտական հետազոտությունների արդյունքում հստակեցվել են վնասի ծավալները։ Ըստ այդմ` տեղամասի ամբողջական վերականգնման համար կպահանջվի 1,5 ամիս ժամանակ և մոտ 200 հազար ԱՄՆ դոլար (այս գումարը չի ներառում այն նյութերի, սարքավորումների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների ծախսը, որոնք առկա են գործարանում և ներդրվելու են վթարված տեղամասի վերականգնման համար)։ Պայմանավորված այդ գործընթացով` ընկերությունը հայտարարել է տեխնոլոգիական կանգառ, որի ընթացքում ոչ միայն կվերականգնվի քլորոպրենի արտադրության վթարված տեղամասը, այլև կընթանան պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ մյուս արտադրություններում։ Այս ընթացքում չեն դադարեցվել և ըստ ժամանակացույցի շարունակվում են նաև բութադիենից քլորոպրենային կաուչուկի ստացման տեխնոլոգիական գծի գործարկմանն ուղղված աշխատանքները։«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ այսօր ունի անհրաժեշտ քանակությամբ պահեստավորված արտադրանք` սպառողների պահանջարկը բավարարելու համար։Արտադրությունների աշխատանքների դադարեցման արդյունքում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107 և 186 հոդվածների համապատասխան դրույթների, ընկերության 2734 աշխատակիցների 18%-ը (մոտ 500 աշխատող) հունիսի 12-ից կանցնի ժամանակավոր հարկադիր պարապուրդի` մինչև 2009 թվականի օգոստոսի 1-ը։ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցների կրճատում չի նախատեսվում։

No comments: