Saturday, June 27, 2009

Հայաստանը պետք է դասեր քաղի մարտյան իրադարձություններից և կյանքը սկսի նոր էջից. խոսնակ

HayInfo.25-6-2009- Հայաստանը պետք է դասեր քաղի 2008թ.-ի մարտյան իրադարձություններից և կյանքը սկսի նոր էջից, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում անցկացվող ԵԽԽՎ նստաշրջանին:Այդ մասին հաղորդում է "Նովոստի-Արմենիան": «Սխալ կլիներ եզրակացնել, թե մենք մարտի իրադարձությունների հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Կարծում եմ` մարտյան դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռ դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաև սկսել նոր էջից, պարտավոր ենք սկսել, ողջ հասարակությունով», - մեջբերում են Աբրահամյանի խոսքերը ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ Ելույթ ունենալով Վեհաժողովի նիստին՝ ՀՀ ԱԺ խոսնակը նշել է, որ կարիք չկա կրկին ներկայացնելու Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և Վեհաժողովի արձագանքները: ՀՀ իշխանության օրենսդիր մարմնի նախագահի խոսքերով, ԵԽԽՎ անդամները քաջատեղյակ են այդ գործընթացներին: «Քաջատեղյակ եք նաև այն համալիր քաղաքական երկընտրանքներին, որոնք իշխանությունները և իշխող կոալիցիան պետք է հաղթահարեին, որպեսզի մի կողմից պահպանվեր և պաշտպանվեր մեր պետության և դատաիրավական կառույցների ամբողջականությունն ու անկախությունը, իսկ մյուս կողմից` բավարարվեր գերակա հասարակական պահանջը և ազգային շահը, այն է` վերականգնվեր և ամրապնդվեր վստահությունն ու երկխոսությունը քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանների միջև», - ասել է Աբրահամյանը: Ինչպես նշել է խոսնակը, վերջին տարին եղել է իրադարձություններով լի և բավական լարված: Աբրահամյանը տեղեկացրել է, որ այդ ընթացքում քննության են ենթարկվել դատական և իրավապահ կառույցների որակները, անկախ հետաքննություն անցկացնելու, քաղաքական գործընթացներին հանրությանը և քաղաքական ուժերին ներգրավելու, իրավական ակտերը բարելավելու և ի կատար ածելու նրանց կարողությունները: «Թե հայտնի իրադարձությունների, թե դրանց հաջորդած ժամանակահատվածի ընթացքում բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ հենց թելադրում են հետագա բարեփոխումների հրամայական անհրաժեշտությունը», - ընդգծել է Աբրահամյանը: Անդրադառնալով համաներման հարցին՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված և Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը ճիշտ ժամանակին իրականացված և միանգամայն հիմնավոր քայլ էր: «Այդ քայլով, ինչպես նաև Վեհաժողովում այսօր տեղի ունեցող այս քննարկումներով, էլ ավելի կմոտենանք Հայաստանի համար փորձաքար հանդիսացող այս էջի փակմանը», - ավելացրել է խոսնակը: ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք: Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում: Համաներումը տարածվում է նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա, ովքեր կհանձնվեն իրավապահ մարմիններին մինչև 2009թ.-ի հուլիսի 31-ը:

No comments: