Saturday, June 27, 2009

«Հայոց աշխարհ». Կրակի հետ խաղը Վրաստանին օգուտ չի բերի

Հայ-վրացական հարաբերություննի վերաբերյալ իր տեսակետն է ներկայացրել օրաթերթը։ Մեջբերենք հատվածներ։ Կրակի հետ խաղը Վրաստանին օգուտ չի բերի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն բողոքի ցույցերով դիմավորելու գործելակերպը մեզանում արդեն վերածվում է յուրահատուկ ավանդույթի։ Բայց ինչպե՞ս դիմավորեն հայաստանցիները հարևան երկրի ղեկավարին, որն անընդհատ ասում է մի բան, իսկ անում՝ հակառակը։ Հայ-վրացական հարաբերություններում կուտակված պրոբլեմների վերջը ոչ միայն չի երևում, այլև անընդհատ ստեղծվում են նորերը։ Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը աստիճանաբար վերածվում է «եղբայրական երեսպաշտության», որում շահող դուրս գալու համար Սահակաշվիլին անընդհատ մեծացնում է իր խոսքերի ու գործերի միջև խզվածությունը՝ մոռանալով, որ վաղ թե ուշ դրանց այլևս ոչ ոք չի հավատալու։ Մինչդեռ առաջիկայում իրենց շուտափույթ լուծումը չգտնելու պարագայում հայ-վրացական հարաբերություններում կուտակված և իրենց լուծումը պահանջող պրոբլեմները աստիճանաբար կարող են միահյուսվել ինչպես այդ երկրի ներքաղաքական զարգացումների, այնպես էլ, որն ավելի վտանգավոր է, ռուս-վրացական հարաբերություններում ստեղծվող նոր կացության հետ։ ... Կարծում ենք, որ հայ-վրացական երկխոսությունը արևելյան «բազարի» վերածելու վրացական կողմի ներկա մարտավարությունը ոչ միայն պատիվ չի բերում Մ. Սահակաշվիլուն, այլև խոսում է վերջինիս ներքաղաքական և տարածաշրջանային դիրքերի ու հեղինակության խարխլման մասին։ Իսկ դրանց վերականգնման համար Վրաստանի նախագահին անհրաժեշտ են որոշակի երաշխիքներ Հայաստանի, հնարավոր է՝ նաև նրա միջնորդությամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այդ ամենի դիմաց բատոնո Միխեիլը մեծահոգաբար կարող է իջեցնել իր իսկ ստեղծած պրոբլեմների կարգավորման «գինը»։

No comments: