Saturday, June 27, 2009

«Ո՞րն է տղայիս սպանության պատճառը»

A1+- 25-6-2009- «Ես'ծնողս, այսօր գնացել եմ ծայրահեղ քայլի' ՀՀ Կառավարությունից, Սերժ Սարգսյանից պահանջում եմ արտաշիրիմում, որպեսզի պարզվի իմ երեխայի սպանությունը. ես ուզում եմ իմանալ դրա իրական պատճառը»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում այլայլված բացականչում էր 2007թ օգոստոսի 30-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղի զորամասում սպանված 19-ամյա Տիգրան Օհանջանյանի մայրը' Գոհար Սարգսյանը: Խաղաղ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներն այսօր էլ էին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնում: 2 տարի առաջ զոհված զինծառայողներ Անդրանիկ Հայրապետյանի, Գեղամ Սերգոյանի եւ Տիգրան Օհանջանյանի ծնողները չեն համակերպվում իրենց որդիների մահվան հետ: Պաշտոնական վարկածով' նրանք դժբախտ պատահարի զոհեր են: Մինչդեռ նրանց ծնողների համոզմամբ' իրենց որդիներն ուղղակի սպանվել են եւ այդ պատճառով նրանք այսօր դիմել էին ծայրահեղ քայլի' եկել են ՀՀ վարչապետից պահանջելու' կատարել իրենց զավակների արտաշիրիմում: Օրինակ' Տիգրան Օհանջանյանի մահվան պաշտոնական վարկածը' էլեկտրահարումն էր: Սակայն նրա մայրը' տիկին Գոհարը, տարակուսանքների մեջ է. «Եթե էլեկտրահարվել է իմ երեխան, ապա ինչո՞ւ են պատառոտվել նրա շորերը, ինչո՞ւ են ատամները բերանից դուրս թռել: Ես արտաշիրիմում եմ պահանջում ատամների համար: Թող ասեն' քանի՞ վոլտ հզորության հոսանքից տղայիս ատամները կարող են դուրս թռչել, եւ ես կհրաժարվեմ արտաշիրիմումից»: Այսօր նրա նպատակը մեկն է, որպեսզի իր տղային սպանողը պատասխան տա: Նա պատմում էր, որ իր որդին 2-րդ կուրսի ուսանող էր, Ստավրոպոլ քաղաքի ձյուդոյի չեմպիոն էր եւ ինքնակամ եկել էր Հայաստան' հայրենիքին ծառայելու: «Այս ի՞նչ է կատարվում այս անարդար երկրում: Ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, ո՞վ է այս պետության ղեկավարը: Իմ երեխային սպանել են, ինձ էլ թող սպանեն»,- ափերից դուրս եկած ասում էր մայրը: ՀՀ Կառավարությունից այսօր նրան ու զոհված մյուս զինվորների մայրերին ասել են, թե բոլորը նրանց հարցի, պահանջի մասին տեղյակ են, սակայն ոչնչով չեն կարող օգնել, մանավանդ վարչապետն այս պահին Սյունիքի մարզում է: Այնտեղ է անցկացվում կառավարության արտագնա նիստը: «Մեր հարցը ոչ մի կերպ լուծում չի ստանում: Իմ երեխայի արյունոտ պատառը իրենց կոկորդին է կանգնելու, կուլ չեն կարողանալու տալ»,- վճռականորեն հայտարարեց տիկին Գոհարն' ավելացնելով, որ իր ամուսինն այս պահին հերթապահում է Շահումյանի գերեզմանատանը, որ մինչեւ արտաշիրիմում չգողանան իրենց տղայի դիակը:

No comments: