Lragir 16-6-2009- Երեկ Բակո Սահակյանը ԼՂՀ Մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարար է նշանակել հայտնի ղարաբաղցի լրագրող Նարինե Աղաբալյանին: Նա դարձավ չորրորդ կին նախարարը 11-հոգանոց կաբինետում եւ երրորդ կին նախարարը Նարինե անունով: Հիշեցնենք, որ Սոցապ նախարարը Նարինե Ազատյանն է, Արդարադատության նախարարը՝ Նարինե Նարիմանյանը, իսկ Քաղաքաշինության նախարարը Անահիտ Վարդանյանն է: Գենդերային բալանսի տեսանկյունից Ղարաբաղը, թերեւս, դուրս է եկել առաջատար դիրքեր աշխարհում: Սակայն խնդիրն ամենեւին բալանսի մեջ չէ, այլ այն, թե ինչու է Ղարաբաղի նախագահը գերադասում կանանց կառավարությունում: Ընդ որում, կանանց, ովքեր անկաշառ պրոֆեսիոնալների իմիջ ունեն: Այնպիսի զգացողություն է, որ Ղարաբաղում ավելի դժվար է գտնել պատասխանատու տղամարդկանց, քան անկաշառ կանանց: Քանի որ այսօր Ղարաբաղում ամենամեծ խնդիրը պատասխանատվության դեֆիցիտն է: Եւ այդ իմաստով կանայք ավելի են համապատասխանում պետական պաշտոններին, քան տղամարդիկ: Վերջին տասնամյակում ղարաբաղցի տղամարդիկ նկատելի մանրացել են պատասխանատվության առումով: Նրանք դադարել են որպես դրության տերեր ոչ միայն խոսել, այլեւ մտածել: Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում միայն իրեն հատկացված պարտականությունների նեղ շրջանակներում, գլուխն այդտեղից չբարձրացնելով, որպեսզի, Աստված մի արասցե, չնկատի վտանգը: Որովհետեւ վտանգի համար էլ ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Ավելին, վերջին շրջանում տղամարդիկ դադարել են պատասխանատվություն կրել նույնիսկ իրենց պարտականությունների շրջանակում: Այնպես որ, պատահական չէ, որ Ղարաբաղի կառավարության ամենապատասխանատու պաշտոնները զբաղեցնում են կանայք: Նարինե Ազատյանին է վստահվել սոցիալական ոլորտը, եւ նա ազնվորեն կատարում է իր գործը: Նարինե նարիմանյանն էլ ազնվորեն փորձում է կարգի բերել իրավական ոլորտը, իսկ Անահիտ Վարդանյանը՝ քաղաքաշինությունը, թերեւս, ամենածանր ոլորտը: Եւի ահա նարինե Աղաբալյանին են վստահվել մշակույթի “ավգյան ախոռները”: Միով բանիվ, մնում է ուժային նախարար նշանակել հաջորդ Անահիտին կամ Նարինեին, եւ այդժամ կարելի է չանհանգստանալ ղարաբաղյան կառավարության համար՝ այն կհայտնվի փխրուն, բայց պատասխանատու ձեռքերում:
ՆԱՆՈ ԱՐՂՈՒԹՅԱՆ
No comments:
Post a Comment