Wednesday, June 24, 2009

Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հերթական այցը տարածաշրջան կարող է կայանալ մոտ ժամանակներս. Կազիմիրով

HayInfo. 23-6-2009- Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը փոքր հույս է փայփայում, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կվերահաստատավեն երկու երկրների դեսպանների տարածաշրջան կատարելիք այցից հետո:Այդ մասին հաղորդում է “Նովոստի-Արմենիան“: «Սմբատյանն ու Բյուլ-Բյուլ-Օղլին այս տարի պետք է կրկնեն իրենց համատեղ ուղևորությունը, և, ըստ ամենայնի, նրանց կուղեկցի ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան ու մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը»,- երկուշաբթի Ծաղկաձորում ասաց նա «Տարածաշրջանը երեք ծովերի (Միջերկրական, Սև և Կասպից) համակարգում: Հայաստանի դերը Կովկասում» կլոր սեղանի ժամանակ «Հայաստանը հեռահաղորդակցությունների խաչմերուկում» թեմայով միջազգային կոնֆերանսի շրջանակներում: Հայ-ադրբեջանական մտավորականության պատվիրակությունը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ-Օղլու գլխավորությամբ, 2007 թ.-ի հունիսի 28-ին մեկօրյա այց կատարեց Հայաստան, Ադրբեջան ու ԼՂՀ: Այցի ընթացքում պատվիրակները հանդիպեցին երեք երկրների նախագահների հետ: Այս առնչությամբ Կազիմիրովն ընդգծեց այս երկու պետությունների ու հասարակությունների միջև հաղորդակցության գրեթե լիակատար բացակայությունը, բացառությամբ նախագահական ու ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպումներից: «Բիզնեսի գծով՝ գրեթե ոչ մի շփում, հասարակական կազմակերպությունների ու քաղաքագետների գծով՝ չնչին շփումներ, վստահության միջոցների մերժում»,- ասաց նա: Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: