Saturday, June 27, 2009

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԸ ՖՈՐՏ ԲՈՅԱՐԻՆ ՎՆԱՍ ՉԷ

Lragir. 26-6-2009- Եթե Ժառանգություն խմբակցության անդամ, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը միայնակ գրավեր Կիրովաբադը եւ շրջապատեր Բաքուն, ապա նա հաստատ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա Հայաստանի հեռուստաեթերում, որքան արժանացավ ԵԽԽՎ հունիսի նստաշրջանում ծավալած իր գործունեության մի դրվագի պատճառով: Զարուհի Փոստանջյանը հունիսի 25-ին Հայաստանի հեռուստաեթերի “աստղն” էր, բայց իհարկե ոչ այն իմաստով, որ նոր էր վերադարձել Ֆորտ Բոյարի նկարահանումներից, ինչպես մեր մյուս “աստղերը”, որոնք եթերում հիացած պատմում էին, թե ինչքան լավ էր ամեն ինչ, թե ինչպես են իրենց “ֆորտ” կամ “բոյար” կամ “ֆորտ բոյար” տեսնելու տարել: Ի տարբերություն ամենօրյա կամ ամանորյա աստղերի, Զարուհի Փոստանջյանը հեռուստաեթերը “գերել” էր ԵԽԽՎ Հայաստանի մասին բանաձեւի վերաբերյալ իր լրացումների համար թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններին դիմելու պատճառով: Դա շարժել էր հայկական հեռուստաեթերի հայրենապաշտական ջիղն ու Զարուհի Փոստանջյանին մի քիչ քաղաքավարի, մի քիչ ակնարկված, բայց խարազանում էին ինչքան որ հնարավոր է: Մնում էր միայն, որ Փոստանջյանը հայտարարվեր ազգի թշնամի եւ բարձրացվեր Հայաստան նրա վերադարձը արգելելու հարցը: Ընդ որում, չի բացառվում, որ այդ հարցը գտնվում է անվտանգության խորհրդի քննարկման փուլում: Ի վերջո, թուրքական եւ ադրբեջանական պատվիրակները բրիտանական դիվանագետ չեն, իսկ Հայաստանի մասին բանաձեւի համար նրանցից ստորագրություն վերցնելն ամենեւին էլ թեյ խմել չէ: Հատկանշական է սակայն, որ Զարուհի Փոստանջյանի “ազգադավ” քայլը “բացահայտած” հեռուստաընկերությունները ոչ միայն զլացել էին նրա քայլի մասին տարատեսակ կարծիքներ որոնելիս մի հատ էլ պատգամավորին փնտրել եւ նրանից էլ իր քայլի բացատրություն ստանալ, այլ նույնիսկ զլացել էին հեռուստադիտողին բացատրել, թե ինչի համար, որ լրացման համար է Զարուհի Փոստանջյանը փորձել ստորագրություն ստանալ թուրքերից եւ ադրբեջանցիներին: Բանից անտեղյակ հեռուստադիտողը կարող էր տպավորություն ստանալ, թե Զարուհի Փոստանջյանը ցանկացել է Երեւանի բանալիները հանձնել թուրքերին ու ադրբեջանցիներին: Մինչդեռ խոսքն ընդամենը այն մասին է, որ պատգամավորը ցանկացել է Հայաստանի մասին ԵԽԽՎ նոր բանաձեւի մեջ ներառել բոլոր քաղբանտարկյալներին անխտիր ազատելու եւ մարտի 1-ի հարցի փաստահավաք խումբը վերականգնելու հարցերը: Արդյոք որեւէ մեկը դրանց մեջ տեսնում է վտանգ մեր պետության կամ ազգի համար: Արդյոք այդ ամենն ավելի վտանգավոր է, քան ասենք այն, որ Հայաստանի նախագահը պարգեւատրում է Վրաստանի նախագահին այն ամենից հետո, ինչ Վրաստանում անում են հայկական հուշարձանների, ջավախքահայության հետ: Կամ արդյոք դա ավելի վտանգավոր է, քան այն, որ Հայաստանի նախագահը հայտարարում է հայ-թուրքական պատմական հարցերը քննարկելուն դեմ չլինելու մասին, կամ հայտարարում է այն մասին, թե Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներում նրան առաջարկում է ներդրում անել Ղարաբաղում եւ այդպես փորձել Ղարաբաղը պահել Ադրբեջանի կազմում: Չգիտես ինչու հայկական հեռուստաեթերի ուշադրությունն այդ ամենի վրա չի կենտրոնանում: Զարուհի Փոստանջյանն իհարկե երեւի թե միամտություն է արել: Եթե ԵԽԽՎ-ին պետք լիներ այդ հարցերն ընդգրկել բանաձեւի մեջ, համենայն դեպս այնպես, ինչպես որ կցանկանար Զարուհի Փոստանջյանը, ապա դա կարվեր առանց նրա ավելորդ ջանքի, եւ միգուցե ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն ինքը անձամբ ընկներ ու ստորագրություններ հավաքեր այդ լրացումների համար: Կրկնում եմ, եթե դա պետք լիներ ԵԽԽՎ-ին: Համենայն դեպս նախադեպերը պետք էր երեւի թե հաշվի առնել ու իզուր տեղը գործին չխառնել թուրքերին ու ադրբեջանցիներին, ու իզուր տեղը չդառնալ հայկական հեռուստաեթերի “աստղ”, որովհետեւ այ դա արդեն կարող է լինել վարկաբեկիչ:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: