Wednesday, June 17, 2009

Վնասվել է Իրան-Հայաստան նորակառույց այլընտրանքային ճանապարհը

«ՀԵՏՔ» 16-6-2009- Սյունիքի մարզում վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւները զգալի վնաս են հասցրել մարզի համայնքներին ու ենթակառուցվածքներին: Մասնավորապես, հունիսի 15-ի տեղումներից վնասվել է Իրան-Հայաստան նորակառույց այլընտրանքային ճանապարհի Կապան-Ճակատեն հատվածը: Մոտ 12 կմ ճանապարհ բանուկ չէ, քարերն ու հողաշերտերը լցվել են մայրուղին: Ճանապարհը սպասարկող «Կապանճանշին» ընկերության աշխատակիցները վաղ առավոտվանից ձեռնամուխ են եղել մաքրման աշխատանքներին: «Մեր միջոցները սուղ են, բայց եղածով աշխատում ենք հնարավորինս անել, որպեսզի ճանապարհը չփակվի»,-ասաց աշխղեկ Սերյոժա Օրբելյանը: Ճանապարհի 8-րդ կմ հատվածն ընդհանրապես դժվարերթևեկելի է դարձել: Մեքենաները հազիվ էին անցնում այդ հատվածով: Ըստ աշխղեկի, ժամանակին, երբ կառուցվում էր ճանապարհը, ձեռնարկության մասնագետներն առաջարկել էին, որ ճանապարհը չանցնի սողանքային գոտում գտնվող այդ հատվածով: «Նախագծողները հաշվի չառան մեր առաջարկն ու հիմա այս վիճակն է»,-ասա Սեյոժա Օրբելյանը: Միջպետական մայրուղու այս հատվածի սողանքի ակտիվացոմից ճանապարհի մի մասը փլվել է: Ճակատենցի Վիգման Աղայանի 6 հոգանոց ընտանիքը երկուշաբթի սարսափի մեջ էր: Անձրևաջրերը երեք ժամ շարունակ լցվել են նրանց տուն: «Սարսափելի էր, մտանք տուն փակվեցինք, որպեսզի, գոնե երեխեքը չտուժեն, բայց վախենում էին, որ տունն էլ կքշի: Ամբողջ ինչ ունեիք ավերակ է դարձել»,-ասում է տանտիրուհին` Գրետա Ավետիսյանը: Նրանց 34 հավը մնացել է հավանոցում, նույնսիկ դուռը չեն կարողացել բացել դրսից: Հեղեղը լցվել է ավտոտնակը, որտեղ 300 լ դիզվառելիք կար ու 40 լ բենզին: Խոտհնձի համար էին պահեստավորել: «Լրիվ քշել` բոչկաներով տարել ա, բան չի մնացել»,-ասում է տիկին Գրետան: Վնասվել է նաեւ ջերմոցը: «Ձմեռ թե ամառ մեր ապրուստի միջոցն էր, մոտ 1մլն դրամի եկամուտ էինք ունենում, դա էլ չի փրկվել, ինչ ենք անելու, ում ենք դիմելու»,-ասում է տանտիրուհին` սրբելով արցունքները: Վիգման Աղայանը չի հիշում նման աղետ իրենց գյուղում: Բայց փառք է տալիս Աստծուն, որ զոհեր չունեցան: Դեպքի մասին ահազանգել է համապատասխան կառույցներին: «Բելառուս տրակտորն ա քշել տարել, էլ չեմ խոսում բերքի մասին, սաղ ավերվել է»,-ասում է Վ. Աղայանը: Այստեղ էր տուժած ընտանիքի բարեկամուհին` Ջուլիետա Աղյանը: Չնայած անձրևներից նրա տունն էլ է վնասվել, բայց տիկին Ջուլետան ավելի շատ մտածում է Վիգման Աղայանի ընտանիքի մասին: «Կոպեկ-կոպեկ հավաքել են, վարկով-պարտքով գործ դրել ջերմոց սարքել, ու հիմա ձեռնունայն են: Խնդրում եմ իշխանություններին օգնեն, ուրիշ ելք չի կարող լինել: Միայն աջակցության դեպքում կարող է մի բան ստացվել»,-ասում է տիկին Ջուլիետան: «Մարզպետարանի հանձնաժողովը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակը, կկազմվեն համապատասխան արձանագրությունները ու կներկայացվեն կառավարություն: Նշեմ, որ բավականին տուժել են միջպետական, ներհամայնքային ճանապարհները, վնասներ են հասցվել ցանքսերին»,-ասաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Անցած տարի մարզի համայնքները նույնպես տուժել էին բնական աղետից` երաշտից: Սակայն կառավարությունը ոչ մի փոխհատուցում չի տվել:

No comments: