Wednesday, June 24, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ, ԲԱՅՑ...

«ԱԶԳ», 24-06-2009- Ադրբեջանը հետաքրքրական երկիր է, քանի որ դիվանագիտության առումով այդպես էլ արեւելյան ոճից չի հրաժարվում, մինչդեռ ամեն ինչով ձգտում է եվրոպական երեւալ: Արեւելցու նման միշտ պատրաստակամ է, բայց դա ամենայն բարեխղճությամբ համեմում է այնքան բազմապիսի «եթե»-ներով, որ իր պատրաստակամության արտահայտությունից բան չի մնում: «Ադրբեջանը կցանկանար ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնել մինչեւ տարեվերջ, սակայն դա միայն մեզնից չի կախված», ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա ավելացրել է. «Մենք շարունակելու ենք աշխատանքը, որ սկսել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ Պետերբուրգում: Դա է երկու նախագահների հանձնարարությունը մեզ (նկատի ունենալով նաեւ Հայաստանի իր գործընկերոջը - Ա.Հ.)»: Հիշեցնենք, որ այս շաբաթավերջին` հունիսի 26-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Փարիզում, եւ ինչպես հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, կքննարկեն նախագահների հերթական հանդիպման նախապատրաստման հարցեր:

No comments: