Wednesday, June 24, 2009

ՊՈԼՍՈ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ

«ԱԶԳ», 24-06-2009- Այդ մասին հունիսի 22-ի համարում նշել էր «Ռադիկալը», իսկ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը, դեռեւս հունվարի 8-ին, ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում թուրքական դասագրքերը աշակերտներին անվճար տրամադրելու որոշում էր ընդունել: Ի դեպ, այս պրակտիկան թուրքական դպրոցներում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների նախաձեռնությամբ արդեն տարիներ շարունակ կիրառվում է: Համեմատության կարգով ասենք, որ թուրքական դպրոցներում սովորում է 15 մլն աշակերտ, իսկ Պոլսո հայկական վարժարաններումՙ 3 հազար: Համենայն դեպս, կրթության նախարարությունը որոշել է մայրենի լեզվով դասագրքերը, այդ թվումՙ հայերեն, նույնպես անվճար տրամադրել ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին, իսկ որոշումը հրապարակվել է հունիսի 21-ին: Պարզվում է, այս որոշման հիմքում պոլսահայ Վարուժան Թուրաչի նախաձեռնությունն է: Մինչ այդ հայկական վարժարաններին դասագրքերն անվճար տրամադրելու պահանջով Թուրքիայի ազգային մեծ ժողովին դիմած Վարուժանը ապրիլի 27-ին դիմել է նաեւ նախագահ Աբդուլլահ Գյուլին: Նրա դիմումը նախագահի աշխատակազմից ընթացք տալու մակագրությամբ, փոխանցվել է կրթության նախարարություն, իսկ նախարար Նիմեթ Չուբուքչունՙ նախարարության հրատարակությունների վարչություն: Այս ամենին հետեւել է նախարարության հունիսի 21-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Կրթության եւ դաստիարակության խորհուրդը նպատակահարմար է գտնում ազգային փոքրամասնությունների վարժարանների համար իրենց լեզվով դասագրքերի հրատարակումն ու դրանց անվճար տրամադրումը, եթե հրատարակման ենթակա դասագրքերի օրինակները նախապես ներկայացվեն նախարարության համապատասխան վարչություններ»: Հայտարարության մեջ միաժամանակ նշվել է, որ հայերեն դասագրքերի հրատարակման եւ անվճար տրամադրման ընդհանուր ծախսերը կկազմեն շուրջ 100 հազար թուրքական լիրա: Հարկ է նշել, որ հունիսի 21-ինՙ այդ նույն օրը, Եվրոմիության անդամ երկրների Թուրքիայում հավատարմագրված դեսպաններին տված ճաշկերույթում ազգային վարժարաններին անվճար դասագրքեր տրամադրելու հարցին անդրադարձել է վարչապետ Էրդողանը եւ ասել. «Սկսում ենք անվճար դասագրքերով ապահովել նաեւ ազգային փոքրամասնությունների դպրոց հաճախող աշակերտներին, ինչպես ապահովում էինք տարրական եւ միջնակարգ մյուս դպրոցներին»:

No comments: