Wednesday, June 17, 2009

«ՄԵՆՔ ՆԵՐԿԱ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԻՆ»

Նյու Յորքի ժողովրդավարության համագործակցության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին եւ դրանց հեռանկարներին վերաբերող հարցերին: - Հայաստանն այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է: Դա սկսվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աբդուլա Գյուլին ուղղված հրավերից: Հայաստանում սկսեցին հնչել հակասական գնահատականներ, եղան այլ որակավորումներ: Շատերը Ս. Սարգսյանի քայլը գնահատեցին համարձակ, նախաձեռնող, որը ծառայելու է նաեւ Հայաստանի շահերին: Այս հարցի վերաբերյալ՝ Ձեր գնահատականը: - Հայկական ներքին եւ արտաքին քաղաքականությունը միշտ գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, հատկապես՝ թուրքական կտրվածքով, որովհետեւ մի քանի տարիների ընթացքում ես եղել եմ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ եւ ունեմ մեծ փորձ բանակցություններ վարելու թուրք հայտնի դիվանագետների հետ: Անկախ արդյունքներից, սա մի բացառիկ երեւույթ է հայկական պետականության համար, քանի որ մինչ այս վերջին իրադարձությունները Հայաստանը ոչ մի անգամ չի եղել սուբյեկտ միջազգային հարաբերությունների մեջ: Նա ունեցել է արձագանք, տարբեր կարծիքներ՝ տարբեր հարցերի շուրջ, սակայն որպեսզի ցուցաբերի նախաձեռնություն եւ այն համընկնի մեծ տերությունների շահերին եւ նրանց արտաքին հարաբերությունների դիվանագիտական կառույցները վերջին ամիսներին հիմնականում զբաղվեն հայ-թուրքական հարաբերություններով, այդպիսի երեւույթ Հայաստանի անկախության ու ողջ պատմության ընթացքում չի եղել: Գիտեմ, որ Հայաստանի նախագահները, քաղաքական գործիչները երազել են, որ Հայաստանը կարողանա իր խնդիրների վրա բեւեռել մեծ տերություններին եւ մոբիլիզացնել պաշտպանությունը հայկական քայլերին եւ նպատակներին: Նախկինում եղել են որոշ գործընթացներ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ, բայց հիմնականում դա արվում էր Վաշինգտոնի ակտիվ մասնակցությամբ եւ միջնորդությամբ: Այսօր առաջին անգամ շատ ակտիվ եւ կառուցողական դիրք է գրավել այս հարցի շուրջ Ռուսաստանը, նրա դիվանագիտությունը: Հանգամանքների բերումով Հայաստանը միակ պետությունն է, որը Հարավային Կովկասում շահագրգռված է, որ ոչ թե Վաշինգտոնի եւ Մոսկվայի շահերը բախվեն, այլ որ վերջիններս կարողանան համագործակցել այս տարածաշրջանում: Հայաստանի շահերը թելադրում են, որ նրանք համագործակցեն, ոչ թե բախվեն միմյանց եւ մրցակցեն, այլ կարողանան համագործակցել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում: Ես գիտեմ, որ այսօր եւ Վաշինգտոնը, եւ Մոսկվան ներքաշված են այս գործընթացների մեջ: - Ոմանց մոտ կա կարծիք, թե քանի որ մենք փոքր պետություն ենք, պետք է լռենք: Մեր նախագահը գալիս է նախաձեռնողական քաղաքականության: Շատերն այստեղ վտանգ են տեսնում: Այսինքն, դուք ողջունո՞ւմ եք, որ Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն, այլ ոչ թե սպասի եւ պատասխանի դրսի մարտահրավերներին: - Ոչ միայն ողջունում եմ, այլեւ կարծում, որ նախագահի առջեւ կա մեծ պարտավորություն՝ ճիշտ գնահատելու, թե ինչպիսի հարաբերություններ են ստեղծվում մեծ ուժերի մեջ, նրանք ինչ շահեր ունեն եւ ինչ կարող են անել իրենց շահերն իրականություն դարձնելու համար: Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք մտնել այդ հունի մեջ: Եթե ինքնուրույնության դեպքում չկարողանանք հասնել մեր նպատակներին, ապա մտնենք մեծ տերության ֆորմատի մեջ, որը գնում է իր շահերով, եւ կարողանանք հասնել այն նպատակներին, որոնց չենք կարողացել հասնել միայնակ՝ չունենալով ռեսուրսներ եւ հնարավորություններ: - ՀՀ նախագահը վերջերս ասաց, որ երբ Գյուլին հրավիրեց Հայաստան, ինքն այնքան էլ ոգեւորված չէր, թե սահմաններն անպայման բացվելու են եւ ասաց, որ եթե ներկայումս այդ ուղղությամբ ոմանք հուսահատ են, ապա ինքն այնքան էլ հուսահատ չէ: Նաեւ նշեց, որ ինքը դեռ հույսը չի կորցրել, որ Թուրքիայի համար կարեւոր են համամարդկային, եվրոպական արժեքները եւ որ Թուրքիան ձգտում է դրանց: Այսինքն՝ եթե Թուրքիան չքայլի այս ուղղությամբ, ապա հետեւանքները եւ պատասխանը պա՞րզ է: - Պետք է դնել կշեռքի նժարի վրա եւ պարզել, թե հաջողության եւ անհաջողության դեպքում այս նախաձեռնության իրականացումն ինչի է բերելու: Սա մի բացառիկ երեւույթ է: Այսօրվա Հայաստանի ղեկավարությունը եւ դիվանագիտությունը գտնվում են մի բացառիկ դիրքում: Այստեղ կա միայն հաղթելու իրավիճակ: Սա այն վիճակը չէ, երբ պետք է հաղթես կամ կորցնես: Այստեղ մի բացառիկ իրավիճակ է, երբ ամեն արդյունքի դեպքում էլ հայկական կողմը հաղթող է դուրս գալու: Եթե բացվեն սահմանները, Հայաստանի շրջափակումը դրվի մի կողմ, վերահաստատվեն դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները, սա կլինի մեծ հաղթանակ: Այս քաղաքականության առավելությունները շատ մեծ չափով գերակշռում են մինուսներին: Դեռեւս ոչինչ պարզ չէ, սակայն ես կարող եմ թվարկել այդ առավելությունները. առաջին անգամ հայ-թուրքական հարաբերությունները դարձել են հիմնական հարցերից մեկը միջազգային դիվանագիտության մեջ: Այն եւ Մոսկվայի, եւ Վաշինգտոնի, եւ Բրյուսելի ուշադրության կենտրոնում է: - Հայաստանում վերաբերմունքը եւ կրքերը բոլորովին այլ են դրսից նայողների համեմատությամբ: Օրինակ՝ ապրիլի 24-ի նախօրեին, երբ համաձայնեցվեց «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը, այն շատերի մոտ մեծ բողոքներ, կրքեր առաջացրեց, որ դա ստորագրվել է հենց ապրիլի 24-ի նախօրեին: Ոմանք ասում էին, որ մենք խանգարեցինք, որ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը: Ոմանք ասում են, որ մենք Օբամայից «ցեղասպանություն» բառն արտահայտելու ավելի մեծ հնարավորություններ կունենայինք: Ձեր տեսակետն այս հարցի շուրջ: - «Ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը համաձայնեցվել էր ոչ թե ապրիլի 22-ին, այլ 2-ին: Պարզապես այն հայտարարվել էր ապրիլի 23-ին: Երկրորդ, Թուրքիան դրա հետ ոչ մի կապ չունի՝ այն իմաստով, որ ամերիկյան ամենահավաստի աղբյուրներից ես տեղեկացել էի, որ դեռեւս ապրիլի 23-ից երկու շաբաթ առաջ որոշվել էր, որ Օբաման ոչ մի կերպ չի ճանաչելու Ցեղասպանությունը եւ չի օգտագործելու այդ բառը: Սա միանշանակ հայտնի էր եւ պետդեպարտամենտին, եւ Թուրքիային, եւ Հայաստանին: Կա մի շատ կարեւոր հանգամանք: Անկարայում Օբաման արդեն ասել էր, որ ինքը չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Սակայն այստեղ կար երկու մոտեցում, մեկը տղայական՝ նեղանալու, որը դիվանագիտության մեջ ապուշություն է, եւ երկրորդը՝ մենք պետք է փորձեինք այս իրադրությունից քամել առավելագույնը: ԱՄՆ-ի համար Թուրքիան դեռեւս մնում է շատ կարեւոր գործոն: Նա Իսրայելի համախոհն ու գործընկերն է, միակ աշխարհիկ երկիրն է մահմեդական աշխարհում, աշխարհաքաղաքական իմաստով գրավում է շատ կարեւոր դիրք, ԱՄՆ-ի հետ աշխատում է պահպանել կայունությունը Իրաքում, Աֆղանստանում եւ այն բոլոր կետերում, որոնք ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեն: Դրանց հետ մեկտեղ հայկական դիվանագիտության համար շատ կարեւոր էր, որ եթե Օբաման այս անգամ էլ չընդունի Ցեղասպանությունը, ապա նրանից փորձենք կորզել մի բան, որն ԱՄՆ-ին կներքաշի հայկական խնդիրների ու հայ-թուրքական հարաբերությունների մեջ, որպես մի գործոն, որը Հայաստանի նկատմամբ ունի պարտականություն: Հայաստանում գրեթե ուշադրություն չեն դարձնում կամ փորձում են չնկատել պետդեպարտամենտի հայտարարությունը: Նա ոչ միայն հայտարարեց եւ ողջունեց «Ճանապարհային քարտեզ» փաստաթղթի համաձայնեցումը, այլեւ ընդգծեց առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը: Պետդեպարտամենտի կողմից արված այդ հայտարարությունները խոսում են այն մասին, որ հայկական դիվանագիտությունն ԱՄՆ-ին ներքաշել է այս հարցի մեջ՝ որպես կողմ, որն իր վրա է վերցնում պարտականություն: Ես համարում եմ սա փայլուն դիվանագիտություն: Այն կարծիքները, թե թուրքերը գուցե խաբում են հայկական դիվանագիտությանը՝ ոչ մի հիմք չունեն: Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս, որ մենք միամիտ չենք եւ մեզ չեն կարող խաբել: - Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները, Ադրբեջանի բարձրացրած հիստերիան շատ խոսուն են. Ձեր կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի պահվածքը, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն ի՞նչ դեր են խաղում: - Իհարկե, Թուրքիան փորձում է ցույց տալ Վաշինգտոնին եւ Բրյուսելին, նույնիսկ Մոսկվային, որ Հայաստանի հետ ինքը չի փորձում քննարկել Ադրբեջանի հարցը. հայ-թուրքական հարաբերությունները զուտ հայ-թուրքական են, բայց դրա հետ մեկտեղ ամեն անգամ ադրբեջանական գործոնը հայ-թուրքական հարաբերությունների մեջ դառնում է հիմնական հանգույցը: Մի կողմից՝ թուրքական դիվանագիտությունն այսօր գտնվում է ոչ այնքան հանգիստ վիճակում: Նա Վաշինգտոնին փորձում է համոզել, որ չի կապում ադրբեջանական հանգամանքը հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու հետ, մյուս կողմից՝ չի կարող դա չկապել: Այս իմաստով հայկական նախաձեռնողական քաղաքականությունը թուրքական դիվանագիտությանը դրել է ոչ հարմար վիճակի մեջ, դրա հետ միասին ստեղծել է նույնիսկ որոշ լարվածություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Սա էլ ես համարում եմ հաղթանակ, քանի որ Ալիեւի հիստերիան եւ սպառնալիքները, այցելությունը Մոսկվա՝ ցույց են տալիս, որ այս հայկական նախաձեռնությունը ոչ միայն միջազգային, այլեւ տարածքային կտրվածքով նոր իրադարձություններ եւ իրականություն է ստեղծել: Այս բոլորը, ի վերջո, հօգուտ Հայաստանի է՝ այն իմաստով, որ, համենայնդեպս, Հայաստանը կորցնելու բան չունի եւ կարող է միայն շահել: Եթե Բաքվի եւ Անկարայի, Վաշինգտոնի ու Անկարայի, Բրյուսելի եւ Անկարայի լարվածությունը մեծանա, Հայաստանի համար դա միայն նպաստավոր կլինի: Ուրեմն դիվանագիտական իմաստով հայկական դիվանագիտությունը գտնվում է հարձակողական դիրքում, նախաձեռնությունը նրա ձեռքում է: Վերջիվերջո, թուրքական կառավարությունը կարող է ասել՝ «մենք չենք կարող գնալ այդքան հեռու, որքան պայմանավորվել էինք»: Այդ դեպքում նորից Հայաստանի ղեկավարության համար հնարավորություն կլինի ասելու, որ մենք գնացինք առանց նախապայմանների այս բոլոր քայլերին, հնարավորություն տալով, որ թուրքական կողմը, օգտվելով ամեն ինչից, կարողանա նորմալացնել հարաբերությունները, դառնա մի պետություն, որն անցյալը փորձում է վերանայել եւ նորմալ քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել իր հարեւանների հետ: Երբ Վաշինգտոնն ու Բրյուսելն ունեն պարտականություններ, նրանց գնահատականը կլինի ուժեղացնել ճնշումը Թուրքիայի վրա, որը չի կարող չլինել հայկական դիվանագիտության նպատակներից մեկը: Հանգամանքների բերումով այսօր մենք ունենք եւ նախագահ, եւ նախարար, որոնք գնացին այս համարձակ քայլին՝ հաշվի առնելով եւ մեծ, եւ համեստ նվաճումները: Այս դիվանագիտությունը չունի պարտության եւ կորստի ոչ մի նախանշան, սա մի բացառիկ դիվանագիտություն է Հայաստանի պատմության ընթացքում: Մենք ունենք միայն նվաճում: Ըստ «Արմենպրեսի»

No comments: