Saturday, June 27, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ “ԲԱՆԱՆԱՅԻՆ” ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Lragir. 25-6-2009- Մամուլի ասուլիսում Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Նինկե Օմեսը հրապարակեց որոշ թվեր, որոնք, թերեւս, կցնցեին ցանկացած անկախ պետության ցանկացած քաղաքացու: Սակայն այդ թվերի արձագանքը հազվագյուտ հանգիստ էր՝ հայրենի հեռուստաալիքները գործնականում չլուսաբանեցին մամուլի ասուլիսը, բավարարվելով լավագույն դեպքում այն ցիտատով, թե “հայկական իշխանություններին հաջողվում է կատարել քայլեր, որ ուղղված են ճգնաժամի բացասական հետեւանքները կանխելուն”: Տիկին Օմեսի խոսքում այս խոսքերը թերեւս միակ դրական արձագանքն էին Հայաստանի կառավարության քաղաքականությանը: Մնացյալ ամեն ինչ, հատկապես թվերը խոսում էին այն մասին, որ իրավիճակը Հայաստանում վատ է, էլ ավելի է վատանալու, իսկ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ անգամ նվազագույնն անել: Նինկե Օմեսը, նախ, սենսացիոն կանխատեսում արեց, որ վերաբերում է արտաքին պարտքին: Նա ասաց, թե ԱՄՀ հաշվարկով, 2011 թ. Հայաստանի ՀՆԱ-ում արտաքին պարտքի մասնաբաժինը կհասնի 46 տոկոսի: Այլ խոսքով, Հայաստանի ՀՆԱ կեսը պետք է վճարվի պարտքի տեսքով: Երեւում է, 50 տոկոսն այն սահմանագիծն է, որից հետո պետությունը սնանկ է ճանաչվում, այդ պատճառով էլ ԱՄՀ “սահմանափակվել է 46 տոկոսով: Հիշեցնենք, որ ներկայում այդ թիվը 18 տոկոս է: Երկրները, որոնք ապրում են արտաքին պարտքերի հաշվին, որպես կանոն կոչվում են բանանային: Այնտեղ գործում է գրպանային կառավարություն, իսկ երկիրը ղեկավարում են բացարձակապես այլ մարդիկ: Այդ մարդիկ աջակցում են կառավարությանը, նույնիսկ ներում են փոքր կամակորությունները, որ այն չդիպչի իրենց շահերին: Նման պատկեր է ձեւավորվում նաեւ Հայաստանում: Համենայնդեպս, մամուլի ասուլիսից նման տպավորություն էր: ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն ի վիճակի չէ իր քաղաքացիներին աշխատավարձ ու թոշակ վճարել, այդ պատճառով էլ ԱՄՀ լրացուցիչ 312 միլիոն դոլար է հատկացրել, ընդ որում, հակառակ իր կանոնների, ոչ թե Կենտրոնական բանկին, այլ ուղղակի կառավարությանը՝ փակելու աշխատավարձի ու թոշակի պարտքերը:ԱՄՀ ներկայացուցիչն ամեն առիթի դեպքում հիշում էր Ռուսաստանի վարկի մասին, մի քանի անգամ նշեց, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները նրանից են, որ նա չափազանց շատ է կապված Ռուսաստանին, որ կրճատվել են տրանսֆերտները, շինարարության ներդրումները, իսկ տարեվերջին հայաստանի տնտեսություն անկում կապրի մինչեւ 9,5 տոկոս: Ինչո՞ւ 9,5 եւ ոչ 10, հարցրել են լրագրողները: Դե որպեսզի երկնիշ թիվ չլինի, ժպիտով ասել է Օմեսը:Ներկայացնելով Հայաստանի տնտեսության անմխիթար տվյալներ, տիկին Օմեսը կարծես ասում էր՝ ճգնաժամը ճգնաժամ, բայց հասկացեք, վերջապես, ձեր շատ խնդիրներ կապված են այն բանի հետ, որ տնտեսությունը ղեկավարում են ոչ ազնիվ ու ոչ պրոֆեսիոնալ: ԱՄՀ խորհուրդ է տալիս իրականացնել տնտեսական քաղաքականության թուլացում, բարեփոխել հարկային ոլորտը, կրճատել հարկային բեռը արտադրողների համար: Վաղուց է խորհուրդ տալիս, սակայն արդյունք այդպես էլ չկա:Սակայն ԱՄՀ համբերատար կազմակերպություն է: Նա կսպասի եւս մի երկու տարի, մինչեւ գա պարտքը մարելու ժամանակը: Ինչպես պարզվել է, ԱՄՀ հաստատած 823 միլիոն դոլար վարկը Հայաստանը կսկսի փակել 3,5 տարի անց, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ սպառվի ներկայիս կառավարության ժամկետը: Ստացվում է, որ ԱՄՀ, Համաշխարհային բանկը վարկ են տալիս ոչ թե Հայաստանին, այլ ներկայիս կառավարությա՞նը: Որպեսզի պաշտպանի նրան ցնցումներից ու սոցիալական բողոքի՞ց: Իսկ մի քանի տարի անց՝ թեկուզ ջրհեղե՞ղ: Ինչպե՞ս է փակելու Հայաստանը իր 46 տոկոսանոց արտաքին պարտքը: Եւ ինչո՞ւ է ԱՄՀ պաշտպանում ներկայիս կառավարությանը, եթե այն, ԱՄՀ իսկ գնահատականով, չի կարող նույնիսկ թոշակն ապահովել: Եւ կրկին հիշում ես բանանային երկրների մասին: Եթե Հայաստանի կառավարությանն այդ հարցում մեղադրեր ընդդիմությունը, դա կներկայացվեր որպես համաշխարհային դավադրություն: ԱՄՀ գնահատականները կառավարությունը ականջի հետեւ գցեց՝ եթե հեռուստաալիքներն այդ մասին չխոսեն, թոշակառուները չեն իմանա, որ իրենց թոշակը վճարում է Արժույթի միջազգային հիմնադրամը, եւ ոչ թե հայրենի կառավարությունը, որ խոստացել է չկրճատել սոցիալական վճարները: Եւ իրոք՝ ով կմեղադրի կառավարությանը իր ուղղակի պարտականությունների կատարման անընդունակության մեջ: Իսկ պարտականություններից մեկն այն է, որ թույլ չտրվի երկիրը վերածել բանանայինի, եւ միջոցներ գտնել երկրում սոցիալական կայունությունը պահպանելու, սեփական ռեսուրսների հաշվին: Այդ ռեսուրսները բավարար են՝ պետք է պարզապես ինչ որ բաներից հրաժարվել եւ “տրորել” յուրայինների ոտքը: Կարող է արդյոք կառավարությունը գտնել սեփական ռեսուրսը: Թե շարունակելու է աշխատել յուրային օլիգարխների խմբի թելադրանքի ներքո, որոնք, դատելով ամեն ինչից, որոշել են սաբոտաժի ենթարկել պետական բյուջեն: 2009 թ. առաջին 4 ամիսներին Հայաստանի 325 խոշոր հարկատուները վճարել են 24,2 տոկոսով պակաս հարկեր, քան անցյալ տարի, թեեւ այդ ձեռնարկությունների շրջանառությունը կրճատվել է 1 տոկոսով: Սա ոչ թե ԱՄՀ, այլ ազգային վիճակագրական ծառայության տվյալն է:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: