«ՀԵՏՔ» 17-6-2009- Երեւանի քիմիական տեխնիկումի նախկին հանրակացարանի մռայլ շենքում ապաստանած փախստականների 120 ընտանիքներ դեռ ապրում են ավելի պատշաճ բնակարան ստանալու հույսով:
Ապշեցուցիչ է, բայց փաստ. հաշվի առնելով այն, որ ամբողջ ընտանիքներ ստիպված են տեղավորվել 12 քմ տարածքով սենյակներում եւ օգտվել ընդհանուր զուգարանից, նույնիսկ այս պայմաններն ավելի նախընտրելի են անցյալում եղածից:
15 տարի առաջ ավարտված ղարաբաղյան հակամարտության հետեւանքով Ադրբեջանից փախած կես միլիոն հայերից 360,000 ապաստան գտան Հայաստանում, սակայն մինչեւ հիմա էլ բնակարանային խնդիրներ ունեն:
96-ամյա Մարիա Ասլանյանը արդեն տասը տարի է, ինչ ապրում է հանրակացարանի փոքրիկ սենյակներից մեկում երկու որդիների` 67-ամյա Վիկտորի եւ 62-ամյա Վլադիմիրի հետ: Սենյակում հազիվ երեք անկողին եւ մեկ պահարան է տեղավորվում:
«Եղավ մի պահ, որ ընդհանրապես ապրելու տեղ չունեինք: Չորս ամիս շարունակ փողոցում ենք քնել` ձյան ու անձրեւի տակ: Լավ է, որ այս էլ ունենք հիմա», – Վիկտորի հետ նարդի խաղալով` պատմում է Մարիան:
Միջանցքում կանգնած նրա հարեւանուհին` Լաուրա Մելքոնյանը, 18 տարի է, ինչ ապրում է Չարբախի նախկին ուսանողական հանրակացարանում: Տարիներ շարունակ բողոքելով զուգարանների վիճակից, նա վերջապես սովորել է ընդունել դրանք այնպես, ինչպես կան:
«Առաստաղից կաթում է, ծեփը` թափվում. ստիպված ենք անձրեւանոցով այստեղ մտնել: Ո՞վ գիտի, գուցե մի օր առաստաղն ամբողջությամբ փուլ կգա գլխներիս: Ի՞նչ արած: Սա իսկական հասարակական զուգարան է, որից օրական 50 մարդ է օգտվում», – բողոքում է կինը:
Այսօր նրա բնակարանն ավելի մեծ է քան հարեւննաերինը, քանի որ ամուսինը հեռացել է Ռուսաստան` թողնելով նրան միայնակ 13-այմա որդու հետ: Նրա ամենօրյա մտահոգությունների պատճառն այժմ այն է, թե ինչպես է ապագա հարսին բերելու այս սենյակը, որտեղ ոչ մի հարմարանք չկա, իսկ որպես լվացարան մի փոքրիկ թաս է ծառայում:
«Ստիպված ենք այս փոքրիկ թասի մեջ եւ լվացվել եւ շորերը լվանալ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես ենք դա անում. իսկական ջրհեղեղ է սկսվում», – պատմում է նա:
Սենյակում նույնիսկ վարագույրով առանձնացված խոհանոց կա, որն այնքան փոքր է, որ միայն ճաշ պատրաստողի ձեռքերն են այնտեղ տեղավորվում:
«Մտածում եմ`գուցե հայ փախստականի կարգավիճակով հեռանամ արտասահման», – մտորում է կինը:
Գեղամ Վարդանյան, Ինտերնյուզի խմբագիր, Երեւան
Հոդվածում օգտագործված տերմինոլոգիան ընտրված է խմբագիրների կողմից: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment