Wednesday, June 24, 2009

Իրանում ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչի

Tert.am.23-6-2009- Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների խորհուրդը բացառել է երկրում հունիսի 12-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու հնարավորությունը։ Մասնավորապես, Պաշտպանների խորհուրդը հայտարարել է, որ քվեարկության ընթացքում լուրջ կեղծիքներ չեն արձանագրվել։ Խորհրդի խոսնակ Աբաս Ալի Կադխոդային երեկ հայտարարել է, որ ընտրակեղծիքների շուրջ բողոքների մեծ մասը հաղորդվել են նախքան ընտրությունները, այլ ոչ թե ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո։ Նա նաև հավելել է, որ Պաշտպանների խորհուրդն այն մարմին չէ, որ պետք է ուսումնասիրեր այդ բողոքները։ Նշենք, որ Պաշտպանների խորհուրդը պատասխանատու է ընտրությունների ընթացքի վերահսկման համար և, բացի այդ, պետք է հավանության արժանացնի ընտրությունների արդյունքները նախքան դրանք պաշտոնապես հայտարարելը։ «Եթե ընտրությունների ընթացքում գրանցվում է լուրջ խախտում, Պաշտպանների խորհուրդը կարող է անվավեր համարել քվեները, որոնք ստացվել են քվեատուփից, ընտրատեղամասից, շրջանից կամ քաղաքից, ինչպես դա կատարվել է խորհրդարանական ընտրությունների ընթացքում»,- հավելել է Կադխոդային։ «Բարեբախտաբար, վերջին նախագահական ընտրություններին մենք մեծ ընտրակեղծիքների կամ խախտումների ականատես չենք եղել։ Այդ իսկ պատճառով, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու ոչ մի հավանականություն չկա»,- հավելել է խորհրդի խոսնակը։ Հիշեցնենք, որ անմիջապես ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո պարտություն կրած թեկնածուներ Միր Հոսեյն Մուսավին, Մեհդի Քյառուբին և Մոհսեն Ռեզաին հայտնել են զանգվածային ընտրակեղծիքների մասին և Պաշտպանների խորհրդին են ներկայացրել ձայների հաշվարկման գործընթացի ավելի քան 600 խախտումների մասին։ Կադխոդեին նաև հերքել է այն մեղադրանքները, որ ընտրատեղամասերը փակվել են, նախքան բոլոր ընտրողները կարող էին ընտրել։ Պաշտպանների խորհրդի խոսնակը նշել է, որ որոշ ընտրատեղամասերում քվերակությունը նույնիսկ 3,5 ժամով երկարաձգվել ընտրողների մեծ քանակի պատճառով։

No comments: