Wednesday, June 24, 2009

ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ ՈՍԿԵՐԻՉ ՄԻՆԱՍ ԱԳԳԱՅԱՆ

«ԱԶԳ», 24-06-2009- Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, հունիսի 20-ին սպանվել է ստամբուլահայ ոսկերիչ Մինաս Ագգայան: Այս մասին հաղորդում է «Մարմարա»-ն` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներ: 44-ամյա Մինաս Ագգայան անցյալ շաբաթ օրը աշխատանքն ավարտելուց հետո չի գնացել Մեծ Կղզում գտնվող իրենց ամառանոց: Կինը` Քեթի Ագգայան, մտահոգվելով, որ ամուսինը չի պատասխանում իր զանգերին, դիմել է ոստիկանություն: Ոստիկանները, նույն օրը երեկոյան գնալով Ջաղալօղլու թաղամասում գտնվող ոսկերիչի արհեստանոց եւ փորձելով բացել դուռը, նկատել են, որ արհեստանոցի ազդանշանային համակարգը անջատված է եւ մասնագետի օգնությամբ բացել են դուռը: Արհեստանոցի մուտքին ոստիկանները գտել են հայազգի ոսկերիչի արյունոտ դիակը: Կատարված քննությամբ պարզվել է, որ կարճատեւ կռիվ է եղել ոճրագործի ու Մինաս Ագգայանի միջեւ, եւ ոսկերիչը դաժանաբար սպանվել է դաշույնի 12 հարվածներից:

No comments: