Thursday, June 18, 2009

Իրանի հավաքականի ֆուտբոլիստները նույնպես աջակցում են Մուսավիին

Tert.am. 18-6-2009- Սպորտի պատմությունը լի է խորհրդանշական քաղաքական ակցիաներով, սակայն քչերն են այդքան համարձակ եղել, որքան Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները եղան հունիսի 17-ին։ Հարավային Կորեայում տեղի ունեցած Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպման ժամանակ, որն ավարտվեց 1։1 հաշվով, Իրանի ազգային հավաքականի առնվազն ութ խաղացողներ կրում էին կանաչ թևկապներ՝ համարձակորեն ի ցույց դնելով իրենց աներեր աջակցությունն ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին։ Նման թևկապներից կրում էր նաև թիմի ավագ Մուհամեդ Ալի Քարիմին։ Այդ մասին հաղորդում է Time-ը։ Կանաչը Մուսավիի քարոզարշավի գույնն է, որը կրել են իր կողմնակիցները Թեհրանում նախորդ շաբաթ տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ և հետո անցկացված հավաքների ժամանակ։ Նշենք, որ իրանցի ֆուտբոլիստները, սակայն, խաղի երկրորդ խաղակեսին հանել էին իրենց թևկապները, ըստ որոշ լրատվամիջոցների, Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի չինովնիկների կարգադրությամբ։ Նախքան խաղի մեկնարկը Սեուլի մարզադաշտից դուրս Իրանի հավաքականի տասնյակ երկրպագուներ բողոքի փոքր ցույց են անցկացրել՝ թափահարելով «Գնա՛ դժոխք, բռնապե՛տ» վահանակը և վանկարկելով «Հայրենակիցնե՛ր, մենք ձեզ հետ ենք» «Ամբողջ սրտով, մինչև վերջ» կարգախոսները։ Սակայն խաղի ընթացքում վահանակները հեռացրել էին այլ ցուցանակների՝ «Որտե՞ղ է իմ քվեն» (կարգախոս, որը լայնորեն տարածված է Թեհրանի ցույցերի ժամանակ) և «Ազատե՛ք Իրանը» գրությունով Իրանի ազգային դրոշի հետ մեկտեղ։

No comments: