Lragir 18-6-2009- Իրանի նախագահի ընտրությանը պաշտոնապես պարտված թեկնածու Միր Հոսեին Մուսավիի եւ նրա կողմնակիցների հետընտրական բողոքն Իրանի իշխանությունն արդեն հասցրել է ներկայացնել որպես համաշխարհային դավադրություն Իրանի դեմ: Ընդ որում, ոչ միայն Իրանի իշխանությունը, այլ նաեւ Հայաստանի փորձագիտական հանրությունն է խնդիրն այդպես ներկայացնում: Դա զարմանալի էլ չէ, քանի որ համաշխարհային դավադրության տեսության բնօրրաններից մեկը հենց Հայաստանն է: Չէ որ Հայաստանում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժումն էր դիտվում որպես համաշխարհային դավադրության ծրագիր ընդդեմ Հայաստանի: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք այդ պարզունակ դատողությունները, որ առկա են երկրներում տեղի ունեցող այդօրինակ գործընթացների վերաբերյալ, միեւնույն է կրկին պարզ հարց է առաջանում` իսկ ովքեր են այն հարյուր հազարավոր, կամ միլիոնավոր իրանցիները, որոնք դուրս են եկել փողոց եւ բողոքում են ընտրության արդյունքը կեղծելու համար: Իսկ ինչու են նրանք դուրս եկել: Ինչու են դուրս եկել հատկապես հիմա: Չէ որ այդ նույն բանը կարելի էր անել նախորդ ընտրությանը, կամ դրա նախորդ ընտրությանը: Ի վերջո, համաշխարհային դավադրությունը հո նոր չէ, որ սկսել է չսիրել ու դավել Իրանին: Ինչու ամեն ինչ այդպես եղավ հենց 2009 թվականի ընտրությանը: Ավելորդ է իհարկե խոսել այն մասին, որ համաշխարհային դավադրության տեսությունը ընդամենը թույլ իշխանությունների պրոպագանդիստական պարզունակ հնարք է, որ կիրառվում է ներքին կյանքում ցանկացած լուրջ դիմադրության հանդիպելիս: Որեւէ այլախոհություն, որը ստանում է գործնական տեսք եւ ձեռք բերում առարկայական սպառնալիք իշխող վերնախավի իշխանական գոյության համար, անմիջապես ներկայացվում է որպես արտաքին ուժերի դավադրություն, առանց խորամուխ լինելու երեւույթի պատճառների եւ դրսեւորման առանձնահատկությունների մեջ: Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ մտահղացումն իսկապես ունի արտաքին ծագում, բայց չէ որ նախադրյալները ներսում են, կոնկրետ դեպքում Իրանում: Դրանք որեւէ մեկը իրանական որեւէ մաքսակետից չի ներմուծել եւ տարածել Իրանում: Այն էլ Իրանում, որը միշտ էլ եղել է արեւմտյան տեխնոլոգիաների հանդեպ փակ պետություն: Ինչպես ստացվեց, որ գունավոր հեղափոխության սերմերը, ըստ համաշխարհային դավադրության տեսաբանների, հայտնվեցին Իրանի իսլամական հողում: Իրանի իշխանությունն արգելել է արտասահմանյան լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ցույցերը, արտասահմանցի լրագրողներին դուրս է հանում երկրից: Ռոբերտ Քոչարյանն էլ արգելեց լուսաբանել մարտի 1-ն ու հետագա 20 օրերին բաց էր թողել միայն պաշտոնական լրատվության խողովակը: Սակայն դա ամենեւին չնպաստեց իշխանության վարկի բարձրացմանը կամ ներքաղաքական եւ ներհասարակական ճգնաժամի հանգուցալուծմանը, որովհետեւ խնդրի մասին չխոսելով այն չի վերանում: Ինչքան էլ Տիգրան Սարգսյանը չխոսեց ճգնաժամի մասին, միեւնույն է, այն այսօր իրողություն է առաջին չորս ամիսների ավելի քան 9 տոկոս տնտեսական անկման տեսքով: Դավադրություն պետք է փնտրել սեփական ուղեղում, ոչ թե այլախոհության մեջ: Ավելին, այլախոհությունն օգնում է բացահայտել իշխանական եւ իշխանամետ ուղեղներում առկա դավադրությունը պետության եւ հասարակության հանդեպ: Նույնիսկ օգնում է դա բացահայտել հենց իշխանավորների եւ իշխանամետների համար, որոնց մի մասը, գուցե տարված համաշխարհային դավադրությամբ, չի էլ պատկերացնում, որ իրենց մեջ է իսկական դավադրությունը, եթե իհարկե համաշխարհային դավադրությամբ տարված ուղեղները ունակ են դրանից բացի որեւէ այլ բան ընկալել ու պատկերացնել:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment