Thursday, June 25, 2009

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՄԱՍԻՆ

Lragir, 24-6-2009- Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունիսի 24-ին Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում բավական քննադատական խոսքեր է հնչեցրել Ռուսաստանի հասցեին: Պատասխանելով վրաստանցի լրագրողների հարցին, թե արդյոք Վրաստանի ընդդիմությունը ֆինանսավորվում է Ռուսաստանից, Սահակաշվիլին սկսել է խոսել թե ռուսական ագրեսիայի, թե Վրաստանում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ Ռուսաստանի պլանների մասին, Վրաստանի քաղաքական ուժերին կոչ անելով, թե ինչքան էլ ատեն իրար, բայց այնպես չանեն, որ երկիրը հանձնեն թշնամուն: Սահակաշվիլին Ռուսաստանին կսմթել է նաեւ Վերին Լարսի անցակետի մասին հարցին ի պատասխան, իրավիճակը ներկայացնելով այնպես, որ Վրաստանը պատրաստ է բացել այդ անցակետը թեկուզ միայն հայկական բեռների համար, բայց դրան չի համաձայնում Ռուսաստանը: Սահակաշվիլին ասել է, թե որոշ ժամանակ առաջ տեղեկություն ստացան, որ ռուսները պատրաստ են հայկական բեռների փոխադրումները թույլատրել: “Այս խնդրանքը Հայաստանից չէր գալիս: Դա պարզապես դիվանագիտական բնույթի տեղեկատվություն էր, որ մեզ հասավ: Եվ ի պատասխան դրա մենք հայտնեցինք, որ մենք պատրաստ ենք թույլ տալ հայկական բեռնատար մեքենաներին անցնել այդ անցակետով, եւ մենք թույլ չենք տա վրացիներին այդ սահմանը հատել, որովհետեւ ռուսների համար դա անընդունելի կլինի: Այն ժամանակ, դա ողջունելի քայլ էր եւ մենք այդ փաստը հայտարարեցինք, հենց որ այդ տեղեկությունները ստացանք Հայաստանից, հայտնեցինք, որ պատրաստ ենք օգտագործել այդ անցակետը միայն Հայաստանի բեռնատար մեքենաների եւ ուղեւորների համար: Հայաստանը շարունակեց արգելել հայերին հատել սահմանը(թերեւս Սահակաշվիլին ցանկանում էր ասել, որ Ռուսաստանը արգելեց հայերին հատել սահմանը): Այդ ժամանակ դա պրովոկացիա էր, որպեսզի ստեղծվեն լարումներ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում, երբ ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է բացել, Վերին Լարսը, մենք իրենց ասեցինք, որ մենք պատրաստ ենք բացել Լարսի անցակետը”, ասում է Միխայիլ Սահակաշվիլին: Նա ասում է, որ Վրաստանը սկսել է նորոգել Վերին Լարսի ճանապարհի մի մասը, որը վնասված է: Նա հայտարարել է, թե երբ Ռուսաստանը բացի Վերին Լարսը իր կողմից, ապա Վրաստանն էլ պատրաստ է բացել սահմանի իր մասը:

No comments: