Saturday, June 27, 2009

Տեղ չկա՞

A1+- 25-6-2009- Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու' ուսանողներին հասցեագրված մտքերն ու տեսակետները լսարանին փոխանցելու համար առնվազն պետք է ընտրյալ լինել, ընտրյալ' ՀՀ նախագահի նստավայրի կողմից: Այսօր Սերժ Սարգսյանի լրատվական ծառայությունից հեռախոսով «Ա1+»ին տեղեկացրեցին, որ Սահակաշվիլու այցը ԵՊՀ լուսաբանելու համար պետք է հրավերք ունենալ: Պարզվում ' Վրաստանի նախագահի բոլոր հանդիպումներն ու այցերը լուսաբանելու համար պետք է առանձին-առանձին հավատարմագրվել: Այսօր Նախագահականում շատ սիրալիր ստուգեցին եւ պարզեցին, որ «Ա1+»-ը ԵՊՀ-ի հանդիպումը լուսաբանողների ցանկում չկա: Իհարկե, սա մեզ համար անակնկալ չէր, քանի որ առաջին եւ անկասկած վերջին դեպքը չէ: Բացի այդ այս հանդիպմանը մասնակցելու են ոչ բոլոր ուսանողները, այլ միայն ընտրյալները: Ի դեպ, այդ միջացառումը հնարավոր է լուսաբանել, առանց այնտեղ ներկա լինելու: Կարելի է կանխատեսել' ավանդույթի համաձայն' Սահակաշվիլուն ԵՊՀ-ում մեդալ կշնորհվի, եւ մի քանի ընտրյալ ուսանողներ հիացմունքով նրան կհարցնեն, թե ինչպե՞ս է Սահակաշվիլին պատրաստվում էլ ավելի խթանել հայ-վրացական ջերմ եւ բարիդրացիական հարաբերությունները, որոնց, ըստ Սերժ Սարգսյանի, երեկվա ելույթի կարող են նախանձել աշխարհի շատ ժողովուրդներ: Ի դեպ, Նախագահականի լրատվական ծառայությունից այսօր «Ա1+»-ին նաեւ բացատրեցին, թե ինչո՞ւ «Ա1+»-ը տեղ չի գտել Սահակաշվիլու ԵՊՀ հանդիպումը լուսաբանող ԶԼՄ-ների շարքում. «Հանդիպման համար ընտրված դահլիճը շատ փոքր է: Տեղ չկա: Ընդամենը մի 4 հեռուստաընկերություն է հրավիրվել»: Իսկ, երբ նշեցինք, որ մեզ իբրեւ գործակալություն են երեկ հրավիրել, պարզվեց, որ որպես գործակալություն էլ տեղ չունեն: «Գործակալություններից էլ են քիչ հրավիրվել' ընդամենը 2-ը»,- պատասխանեց նույն սիրալիր ձայնը: Ավելացնենք, որ այսօր Միխաիլ Սահակաշվիլին այցելել էր Ծիծեռնակաբերդ, հարգել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: «Ա1+»-ին այս միջոցառումը լուսաբանելու հնարավորություն տրվել էր:

No comments: