Monday, August 10, 2009

ԲՐԱՅԶԱ. ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Լրագիր» 7-8-2009 - Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակները 3 ոլորտ են ընդգրկում` էներգետիկ, ժողովրդավարական և անվտանգության: Օրինակ, եթե չապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական ներդրումներ և ժողովրդավարության բարելավում չի լինի, Ծաղկաձորում լրագրողների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան, ով այդ պաշտոնում վերջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում: Բրայզան ասել է, որ զարմանում է, երբ Հայաստանի և Ադրբեջանի մամուլը մեղադրում են Մինսկի խմբին զիջումներ պարտադրելու համար: Իրականում իրենք ճնշում չեն գործադրում, ընդամենը միջնորդ են անվտանգությունն ամրապնդելու համար և ուրիշ նպատակներ չունեն: Մենք չենք փորձում որևէ երկրի դուրս մղել տարածաշրջանից: Ռուսաստանը մնալու է տարածաշրջանում և ներգրավված է լինելու բոլոր հարցերում, ասել է Մեթյու Բրայզան: Բրայզայի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցում առանց փոխադարձ զիջումների լուծում չի լինի: Համաձայնություն չի լինի, եթե ամենափոքր հարցերն էլ համաձայնեցված չլինեն: Հարցի կարգավորումը հնարավոր է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքերի հիման վրա: Առաջին հայացքից սա կարող է հակասող լինել, բայց կողմերը կարողացել են բանաձև գտնել, որը արտահայտված է 2007թ. ընդունված և վերջերս նորացված Մադրիդյան սկզբունքներում: Ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո պետք է հանրաքվե տեղի ունենա ԽՍՀՄ վերջին մարդահամարի համաձայն, ըստ որի բնակչության 65 տոկոսը հայեր են, 22 տոկոսը ադրբեջանցիներ: Հանրաքվեի արդյունքը պետք է իրավական ուժ ունենա: Հանրաքվեի անցկացման ժամանակը պետք է ճշտեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, ասել է Բրայզան: Մինսկի խմբի համանախագահի խոսքով, եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությանը, դրանով վերջ կդնի խաղաղ կարգավորման հնարավորությանը: Հարցին, թե ինչու ԱՄՆ-ն ճանաչել է Կոսովոի անկախությունը, բայց չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, Բրայզան պատասխանել է, որ դրանք որակապես տարբեր խնդիրներ են: Սերբիան հարձակվել է Կոսովոի վրա, այդ պատճառով էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստիպված է եղել ճանաչել Կոսովոն: Կոսովոն պայքարով նվաճել է իր անկախությունը, ավելացրել է Բրայզան:

No comments: