Wednesday, August 12, 2009

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԱԴՐԵՐԸ

կփոխվի արդյոք Հայաստանում ինչ որ բան
Lragir- Երբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը այցելեց Բաքու, եղավ հաղորդագրություն, որ նա մտադիր է քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության խնդիրը: Այդ օրերին էր, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարեց, որ եթե Հայաստանի հետ բանակցություններն արդյունք չունենան, իրենք կդիմեն կոնֆլիկտի լուծման ուժային տարբերակին: Ռուսական կողմն այս հայտարարության առիթով առանձնապես վերաբերմունք չցուցաբերեց, չնայած խոսքը վերաբերում էր իր ավանդական դաշնակցին` Հայաստանին: Ադրբեջանը վաղուց ծրագրում է կազմակերպել իր երկրում ռազմարդյունաբերական համալիր: Կան տեղեկություններ, որ այս երկիրը մտադիր է դառնալ տարբեր զինատեսակներ արտադրողներից մեկը: Արդեն ունեն ռազմարդյունաբերության նախարարություն, նախատեսել են արտադրել թեթև ռազմական տեխնիկա, ռազմական ուղղաթիռներ, նույնիսկ` ռազմանավեր, ծրագրվում է ոչ միայն բավարարել սեփական բանակի կարիքները, այլ դուրս գալ նաև արտաքին շուկա: Այն հանգամանքը, որ մեքենաշինական արտադրատեսակների ծավալն աճել է շուրջ 50 %-ով, վկայում է այն մասին, որ ունեն որոշակի նվաճումներ ռազմարդյունաբերական ոլորտում: Ռազմական պատշաճ հզորություն ունենալու իր նկրտումները ռազմարդյունաբերության բնագավառում կյանքի կոչելու համար Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ռուս-ադրբեջանական համագործակցության հետ: Ինչ կստացվի Ադրբեջանում, ցույց կտա ժամանակը: Իսկ ինչ են մտածում Հայաստանում այս ամենի մասին: Ինչպես հայտնի է, նման ծրագրերի առկայություն Հայաստանում չի նկատվում: Այստեղ արմատացել է մեծ եղբորից զինատեսակներ գնելու հոգեբանությունը, հաշվի չի առնվում այն, որ մի օր կավարտվի եղբայրությունը, և մեծ եղբայրը կորոշի մեկ ուրիշի հետ եղբայրություն անել: Ըստ երևույթին, մեր երկիրը հույս ունի, որ կհայտնվի մեկ այլ հովանավոր, որը չի խնայի իր հնարավորությունները Հայաստանի ռազմական հզորացմանը նպաստելուն:Հայաստանում վաղուց առկա են տարաբաժանված տեսակետներ, թե ինչ դեր ունի բանակը մեր պետության կյանքում: Որոշները կողմնակից են հզոր բանակի` Ռուսաստանի ռազմական օժանդակությամբ, ուրիշները բացառում են մեծ բանակի անհրաժեշտությունը: Եվ այս ամենը շարունակվում է մինչ օրս: Սակայն, ինչպես հայտնի է, ոչ մեկին չի մտահոգում այն, թե կարող է արդյոք Հայաստանը դառնալ իր բանակի կարիքները մատակարարող երկիր` մեծ թե փոքր բանակի: Ավելի ճիշտ` մտահոգվողներ կային: Միայն թե այլ կերպ դասավորվեց ամեն ինչ: Վերջերս ես պատահաբար հանդիպեցի իմ վաղեմի ծանոթին՝ Ավիկ Օհանյանին, որին ժամանակին գիտեի որպես Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու ակտիվ կողմնակից: Այս մարդն իր գործունեությամբ անգնահատելի ներդրում կատարեց առաջին լուրջ ռազմարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում: Ձևավորվեց փամփուշտի արտադրության լիարժեք, ժամանակին համահունչ գործարան: Ենթադրեցի, որ հարմար առիթ է բավարարելու իմ հետաքրքրությունը Հայաստանում ռազմարդյունաբերական վիճակի վերաբերյալ: Եւ հուսախաբ եղա: Իմ առջև կանգնած էր մարդ, որն իր մտահոգ և հուսահատ տրամադրությամբ արտահայտում էր այդ արտադրության այսօրվա վիճակը: Հետո մեր զրույցից ես տեղեկացա, որ նա կորցրել է ամեն ինչ... Դժվար էր հավատալ, որ ժամանակին ռազմարդյունաբերության համակարգում զբաղեցնելով հանգուցային պաշտոն, նախաձեռնել է զարգացնել տնօրինած ոլորտը և ստիպված է եղել դրա համար հատուցել իր անձնական ճակատագրով: Նաև դժվար էր հավատալ, որ ռազմարդյունաբերությունում այս առաջնեկների ողջ էներգիան փոշիացավ մեր իշխանավորների անփութության, անտարբերության և անառողջ վերաբերմունքի պատճառով: Սակայն մեկ մարդու պատմությունը ինձ ստիպում է հավատալ դրան: Ես շատ լավ ծանոթ եմ Ավիկ Օհանյանի նկարագրին: Հիշում եմ, այն տարիներին, զրույցների ժամանակ նա հաճախ կրկնում էր հետևյալ միտքը. - Պետական կառույցում աշխատող յուրաքանչյուր ոք պարտավոր է իր գործունեությամբ նպաստել համապատասխան ոլորտի զարգացմանը: Եթե համաձայն չէ, կամ հնարավորությունները չեն ներում, թող գնա Սադախլոյից ապրանք բերի, վաճառի, պետական կառույցում նա անելիք չունի: Ցավոք, պետք է ասեմ, որ պետական մեքենայի տարբեր կարույցներում այս միտքն առավել կիրառելի է այսօր...Խորհրդային ժամանակներում աշխատելու տարիներին ձևավորված իր կապերի շնորհիվ 1994 թ. Ավիկը կարողացել է ձեռք բերել պրոֆեսոր Կոշկինի փամփուշտի արտադրության հոսքագծերի հայտնի համակարգի պահեստային օրինակը, որը գտնվում էր միջինասիական մի հանրապետությունում: Ծախսվել է ընդամենը 100 հազար դոլար, որի ողջ կանխիկ մասը` շուրջ 60 հազար դոլար, հայթայթել է պարտքով: 3 ամիս հետո, 1995թ. հունվարին նրան ձերբակալել են պետանվտանգության մարմինները, Դաշնակցության հետ կապված հայտնի դեպքերի առիթով, հետո հեռացրել են աշխատանքից: Հետագայում, մինչ այսօր նա իշխանությունից պահանջում է իր կողմից արված ծախսերը: Ստացված գրավոր պատասխանները միևնույնն են.- ցույց տուր հիմքեր` արածդ ծախսերը կվերադարձնենք: Նախագահին հղած գրության մեջ նա նշում է, որ եթե համակարգի ձեռք բերման ընթացքում փորձեր հիմքեր ստեղծել, Հայաստանն այսօր փամփուշտի արտադրություն չէր ունենա: Ես համաձայն եմ ասվածի հետ, ինչը հասկանալու համար առանձնապես խորաթափանց լինելու անհրաժեշտություն նույնիսկ չեմ տեսնում: Եվ վերջապես, որքանով բարոյական է հիմքեր պահանջել, երբ շուրջ 25 միլիոն դոլար արժողությամբ համակարգը՝ 9 վագոն բեռ, դարձել է Հայաստանի սեփականությունն ընդամենը 100 հազար դոլարով: Ի դեպ, վերջերս, կառավարության որոշումով, համակարգն oտարվեց շուրջ 20 միլիոն դոլարով: 1995-ից ի վեր հայտնվելով պարտքեր փակելու անպտուղ գործընթացի մեջ, նա կորցրել է միակ սեփականությունը` մեկ սենյականոց բնակարանը: Ինձ ապշեցրեց այն, որ այս իրավիճակում իմ վաղեմի ծանոթն ամենևին էլ վհատված չէր: Նրան մտահոգում էր միայն այն, որ իր երեխաների մոտ, չափահաս դառնալուց հետո, կձևավորվի տեսակետ, որ ծանր վիճակը, որի մեջ հայտնվել են, հետևանք է իրենց հոր հայրենանվեր գործերի: Պետք է ասեմ, որ արդեն իսկ նկատելի է, որ Հայաստանում շատ արագ արմատացավ սպառողական վերաբերմունքն այն մարդկանց հանդեպ, որոնք ընդունակ են հանուն ընդհանուր գործի զոհաբերել իրենց անձնականը: Իսկ երբ արված գործն ունի ստրատեգիական նշանակություն, առավել դատապարտելի է այդպիսի վերաբերմունքը նման մարդկանց հանդեպ, տվյալ դեպքում՝ Ավիկ Օհանյանի հանդեպ: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, թե ինչու մեզ մոտ ռազմարդունաբերությունը հայտնվել է նման անփառունակ վիճակում: Այն պարզապես ոչ մեկին հարկավոր չէ: Ոչ մեկին էլ պետք չեն նվիրյալներ: Վաղեմի ծանոթս՝ Ավիկը ցավում է, որ տարիների ընթացքում կայացած շատ մասնագետներ այսօր զբաղված են այլ, իրենց կենցաղը մի կերպ ապահովող աշխատանքներով: Այդպիսի տխուր վախճան ունեցավ Ավիկ Օհանյանի գլխավորությամբ նվիրյալների կառուցած ռազմարդյունաբերության համակարգը Հայաստանում: Եվ ես չեմ զարմանում, որ մեր ստրատեգիական դաշնակից հանդիսացող երկիրը կողմնորոշվեց համագործակցել Ադրբեջանի հետ, որն ունի պետական ծրագիր ռազմարդյունաբերական լուրջ համակարգ ստեղծելու, և որն այդ ծրագրի իրագործումը նախ և առաջ կապում է Հայաստանի հետ ապագա պատերազմին: Մնում է, Հայաստանում բռունցքներ ճոճել հաճախ կազմակերպվող զինվորական շքերթների ժամանակ և հպարտանալ բանակով և բանակային կադրերով: Իրականում ինչ է տեղի ունենում այդ կադրերի և բանակի հետ` քչերին է հետաքրքրում:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՌԱՀՀԿ փորձագետ

No comments: