Wednesday, August 12, 2009

Առաջարկ Հանրային խորհրդին

A1+-11-8-2009- Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վստահեցրեցին, որ դեռեւս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները վրեժխնդրության զոհեր են: «Այսօր բանտերում են մարդիկ, որոնց այնտեղ պահելու խնդիր է ունեցել երկրի ամենաբարձրագույն իշխանությունը: Իշխանությունները ձեւակերպեցին այնպիսի համաներման տեքստ, որի արդյունքում մենք շարունակում ենք ունենալ 21 քաղբանտարկյալ»,- այսօր պատասխանելով «Ա1+»-ի հարցին` ասաց, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Որպես օրինակ նա նշեց վրեժխնդրության մի քանի զոհերի անուններ` Սասուն Միքայելյան, Սարգիս Հացպանյան, Ռոման Մնացականյան եւ այլն: Վերջինիս անունը քչերին է հայտնի: Մնացականյանը որպես ՀՀ քաղաքացի ընդամենը մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, որի համար ազատազրկման է դատապարտվել 3,5 տարի ազատազրկման` Քր. օր. 225 հոդվածի 1-ին մասով:«Էրեբունի քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան նրան ատում է եւ դա չի թաքցնում: Ռոման Մնացականյանն իր մոտ բջջային հեռախոս ունենալու համար 5 անգամ տույժի է ենթարկվել»,- ասաց պարոն Հարությունյանը: Քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսներն արգելված են, սակայն, բոլորին է հայտնի, որ դրանք ազատազրկվածներին են հասնում միայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջոցով: «Աշխատակիցները բջջային հեռախոսներ են փոխանցում ազատազրկվածներին եւ երբ պահանջ, հրահանգ է լինում` «հայտնաբերում են» դրանք եւ տույժի ենթարկում նրանց: Մնացականյանին 5 անգամ տույժի են ենթարկել` առանց նրան տեղեկացնելու եւ նրան համարել չարամիտ խախտում կատարող, որի նկատմամբ համաներում չի տարածվում»: Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն բազմաթիվ նամակներ է հղել համապատասխան մարմիններին, որպեսզի Ռոման Մնացականյանն ազատ արձակվի, սակայն որեւէ դրական արդյունք չի արձանագրվել: «Բոլորն ասացին «այո», սակայն ստացվեց «ոչ»: Մենք շատ քիչ ժամանակ ունենք, որ նրա նկատմամբ համաներում կիրառվի` մինչեւ սեպտեմբերի 30-ը»,- հիշեցրեց իրավապաշտպանը: Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը հաշվի առնելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը համաներում հայտարարեց միայն այն բանից հետո, երբ նրան դիմեց Հանրային խորհուրդը` այսօր նոր առաջարկություն արեց խորհրդին. «Եթե իրենք ընտրել են այդ խեղկատակ մեթոդը, թող Վազգեն Մանուկյանի գլխավորած խորհուրդը պարզի, թե ինչպես է համաներումը գնահատում հասարակությունը: Թող դիմեն Սերժ Սարգսյանին եւ ասեն, որ նրա համաներումը կիսատ պռատ է եւ ավարտին պետք է հասցնել»:

No comments: