Saturday, August 8, 2009

ԿՍՏԱՆԱՆՔ ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ

Lragir 7-8-2009- Փոխզիջում բառն այսօր Հայաստանում դարձել է փրկօղակ բոլոր այն ուժերի համար, որոնք համաձայն են գնալ զիջումների: Իսկ քանի որ այդ ուժերը Հայաստանի քաղաքական դաշտում մեծամասնություն են կազմում, իրարից տարբերվելու համար փոխզիջում բառին ավելացնում են որոշիչներ՝ արժանապատիվ, բանական, եւ այլն: Հետաքրքիր պատկեր է ստացվում՝ մի քաղաքական ուժը մյուսին ասում է՝ իմ փոխզիջումը քոնից արժանապատիվ է, մեկ այլը բոլորին վախեցնում է՝ չեք ուզում փոխզիջում, կլինի պատերազմ, եւ այսպես շարունակ: Հայաստանի քաղաքական դաշտի մասին վերջերս անկեղծ խոստովանություն արեց Պարույր Հայրիկյանը: Նա քաղաքականությունը եւ մասնավորաբար Ղարաբաղի շուրջ բանակցությունը համեմատեց առեւտրի հետ, գործիչներին՝ առեւտրականների: Նա ասաց, թե լավ է, որ ծախելու բան ունենք՝ տարածքները: Եւ խնդիրը դրանք շահավետ ծախելն է: Եւ ահա այստեղ օգնության է հասնում փոխզիջում բառը՝ որպես խաբկանք, ինքնարդարացում, միաժամանակ՝ միջազգային եւ տեղական հանրության աչքին խելոք ու մտահոգ երեւալու միջոց: Մի կողմ թողնենք այն, թե արդյոք հայրենի առեւտրականները կարող են համաշխարհային փորձից բերել գեթ մեկ օրինակ, երբ որեւէ հակամարտություն լուծվել է "բանական" կամ "արժանապատիվ" փոխզիջման միջոցով: Գանք նրանց առաջ քաշած առեւտրին, եւ փորձենք հասկանալ, թե "ինչ են տալիս եւ ինչ են ստանում": Երբ Հայաստանյան գործիչը խոսում է փոխզիջման մասին, նկատի ունենալով Ղարաբաղի տարածքները, նշանակում է նա Ղարաբաղը համարում է ոչ թե անկախ, ինքնուրույն պետություն, այլ Հայաստանի մաս, ըստ այդմ՝ կարող է առեւտրի առարկա դարձնել ամեն ինչ: Եթե գործիչները Ղարաբաղը համարում են անկախ, ինքնուրույն պետություն, ապա հարց է առաջանում՝ ինչ են հասկանում փոխզիջում ասելով՝ այլ պետության տարածքնե՞րը, թե Հայաստանի: Թեեւ առեւտրականի համար միեւնույն է, թե ինչ է ծախում, կարեւորը՝ շահավետ ծախի, այնուամենայնիվ երկու դեպքում էլ հանցագործության տարրեր են նկատվում՝ Հայաստանի ու Ղարաբաղի Սահմանադրության հանդեպ ոտնձգության տեսքով: Եթե Հայաստանի առեւտրականները դեմքի լուրջ արտահայտությամբ նշում են, թե՝ դե բոլորն էլ գիտեն, էլի, ինչն ինչոց է, որ Ղարաբաղը ապրում է Հայաստանի բյուջեի հատկացումներով, եւ այնտեղ մեր զորքն է կանգնած, եւ ըստ այդմ Հայաստանը կարող է որոշել փոխզիջումների հարցը, այս դեպքում էլ առաջանում են հարցեր, որոնց պատասխանները կրկին վկայում են Հայաստանի քաղաքական դաշտի հանցավոր անգործության մասին: Մասնավորապես, տվյալ խնդիրը լուծվում է այն մեխանիզմով, որին միջազգային ասպարեզում բազմիցս դիմել են Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ Թուրքիան՝ ճանաչվում է երկրի անկախությունը, կնքվում միջպետական համաձայնագիր, որով օրինականացվում է թե զորքի ներկայությունը, թե մնացյալ բոլոր խնդիրները: Մի բան, որ չի արվել: Հայաստանի առեւտրականները մի հանգամանք էլ են նշում՝ իբր միջազգային հանրության ճնշումը, որին հնարավոր չէ դիմակայել: Սակայն եկեք մի պահ մեզ դնենք միջազգային հանրության փոխարեն եւ նայենք, թե ինչով է զբաղված հնամյա ազգի վերնախավը. մի պարզ բանով՝ փոխզիջելու, այսինքն տալու մոլուցքով: Թերեւս, միջազգային հանրությունը սարսռում է, նայելով, թե ինչ եռանդով են ուզում հայերը տալ, հանձնել, պրծնել… Եւ այդ պարագայում ինչ է մնում միջազգային հանրությանը՝ կամ բավարարել այդ անհագ ցանկությունը, կամ, այնուամենայնիվ, փորձել մի քիչ էլ սպասել՝ գուցե սթափվեն, խելքը գլխին մի բան առաջարկեն: Մեր մեջ ասած, ի բարեբախտություն, առայժմ այս երկրորդն է, թեեւ դժվար է ասել, թե որքան այն կտեւի: Իրականում, ստանում ես այն, ինչ ուզում ես եւ ինչին արժանի ես: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: