News.am- 4-9-2009- News.am- 4-9-2009- Թուրքական մամուլում շարունակում են հիշել «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփասլան Թյուրքեշի 1990 ականների կեսերի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախաձեռնության մասին։ Այս մասին է անդրադառնում թուրքական Stratejikboyut կայքէջը, որ հղում է անում նաեւ Milliyet-ի 2005 թվականի հրապարակումներին՝ կապված Ալփասլան Թյուրքեշի եւ այն ժամանակվա ՀՀ նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հանդիպումներին։
Եթե Ալփասլան Թյուրքեշը կենդանի լիներ, ինչ՞ կլիներ։ Հնարավոր է նա լիներ առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որ կայցելեր Հայաստան, եւ այսօր Հայաստանի հետ հարաբերությունները կընթանային լրիվ այլ մակարդակի վրա։
Եթե Թյուրքեշը մահանա, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը 10 տարի կուշանա։
Այս խոսքերը հնչել են մամուլում 1997 թվականին, Ալփասլան Թյուրքեշի մահից մի քանի ամիս առաջ, եւ ժամանակը ցույց տվեց այդ խոսքերի ճշմարտացի լինելը։
Ալփասլան Թյուրքեշը եղել է Հայաստանի հետ լուրջ դիվանագիտություններ հարաբերություններ սկսած անձը։ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում իր դերն է ունեցել նրա որդի Թուղրուլ Թյուրքեշը։ Ալփասլան Թյուրքեշը ասում էր. «Միասին երգեր ենք ստեղծել, ճաշատեսակներ ենք ստեղծել, աղջիկ ենք իրար տվել եւ վերցրել։ Հայերը Մանազկերտի ճակատամարտում, Ստամբուլի գրավմանը, օտար նվաճողների դեմ պայքարում թուրքերին օգնել են։ Թուրքերն էլ պատասխան քայլեր են արել։ Սուլթան Ֆաթիհը բացել է Հայկական պատրիարքարանը։ Աթաթուրքի առաջարկով՝ թուրքական այբուբենը ստեղծել է հայազգի Հակոբ Մարթայանը, Աթաթուրքի ստորագրության հեղինակը նույնպես հայ է։ Պատմությանը պետք է նայել այսպես՝ լայն հեռանկարներից։ 1915 թվականը եղել է 600 տարվա հարաբերություններում մի դժբախտություն», ասել է «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփասլան Թյուրքեշը։
1993 թվականի մարտի 12-ին Փարիզում երկկողմ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել։ Թյուրքեշին դիմավորել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թանշուղ Բլեդան։ Պաշտոնական մեքենայով Փարիզի Crillon հյուրանոց է ժամանում այն ժամանակվա Հայաստանի նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը։
Թյուրքեշը հայտարարել է, որ եթե հարաբերություններ ստեղծվի, Թուրքիան Հայաստանին կտրամադրի Թուրքիայի ցամաքային եւ ծովային ճանապարհները, կիրականացնի Տրանս-կովկասյան ավտոմայրուղին։ Ավտոմայրուղու հետ մեկտեղ պետք է ավելացվեր երկաթգիծ, գազատար ու նավթամուղ, եւ պետք է զարգանար սահմանային առեւտուրը։
1994 թվականի ապրիլին Ֆրանկֆուրտում թուրքական հյուպատոսությունում հանդիպում են Լոնդոնում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը եւ Ալփասլան Թյուրքեշը։
1995 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի արտաքին հարաբերություններում խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Քաղաքագիտության ինստիտուտի հրավերով այցելել է Անկարա եւ Hilton հյուրանոցում հանդիպել Ալփասլան Թյուրքեշի որդու՝ Թուղրուլ Թյուրքեշի հետ։
1997-ին արդեն Երեւանում պատրաստվում էին հրավիրել Ալփասլան Թյուրքեշին, երբ եկավ նրա մահվան մասին լուրը։
NEWS.am-ը նշում է, որ ներկայումս հայ-թուրքական արձանագրությունների դեմ Թուրքիայում ամենախիստ ձեւով հանդես են գալիս հենց Ալփասլան Թյուրքեշի հիմնադրած կուսակցության անդամները՝ անխնա քննադատելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին։
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment