Saturday, September 5, 2009

ԻՆՉՈՒ ՓՆՏՐԵԼ ԵԶԻ ՏԱԿ

«Լրագիր» 4-9-2009- Աստված ինչ անում է, լավ է անում, ասում էր քաջարի զինվոր Շվեյկը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին տված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ “պետք չէ եզի տակ հորթ ման գալ”: Նա նկատի ուներ, որ պետք չէ հայ-թուրքական հարաբերության արձանագրություններում փնտրել վտանգներ, կամ զիջումներ, որոնք չկան: Սովորաբար արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսները լինում են ասենք նախագահների մամուլի ասուլիսներից հետո իրենց նշանակալիությամբ եւ կարեւորությամբ հաջորդը: Այդպես է գրեթե բոլոր երկրների պարագայում, եթե իհարկե տվյալ երկրի վարչապետը ասենք Պուտինը չէ: Առավել եւս ԱԳ նախարարների ասուլիսները կարեւոր են լինում, եթե կապվում են տվյալ երկրի համար չափազանց կարեւոր արտաքին իրադարձությունների հետ, որոնք կարող են ունենալ երկարաժամկետ նշանակություն թե արտաքին, թե ներքին կյանքի առումով: Բայց, դժբախտաբար, Հայաստանի արտգործնախարարի մամուլի ասուլիսից, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին, հանրությունը թերեւս կհիշի միայն ժողովրդական բանահյուսության այդ դրսեւորումը, որ եզի տակ պետք չէ հորթ ման գալ: Իսկապես: Ինչու ման գալ եզի տակ, եթե հորթը եզի վրա է եւ վրան էլ բան չկա գցած, որ ուրիշ բանի տեղ դնես ու չիմանաս, որ հորթ է: Այ եթե արտգործնախարարը նաեւ թուրքերին կարողանար ասել, որ նրանք մեզ հորթի տեղ չդնեն, դա արդեն հիանալի կլիներ եւ կիմանայինք, այսինքն վստահ կլինեինք, որ ոչ եզի վրայինը, ոչ էլ տակինը մենք չենք: Այլապես ստացվում է, որ մենք արտգործնախարարից սպասում ենք կոնկրետ քննադատություններին հստակ եւ կոնկրետ պատասխաններ, օրինակ թե ինչ են քննարկելու “պատմական հարթության” ուղղությամբ աշխատող փորձագետները, կամ ինչու է հարկավոր անպայման նշել թե փոխադարձ, թե այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանային անձեռնմխելիությունը ճանաչելը, եթե թե Հայաստանը, թե Թուրքիան ՄԱԿ անդամ են եւ ընդունել են ՄԱԿ համապատասխան կոնվենցիան: Կամ արդյոք թուրքական իշխանությունից փորձում են պարզաբանում ստանալ նրանց հայտարարությունների մասին, թե առանց Ղարաբաղի հարցի լուծման սահման չի բացվի: Կամ ինչու են հայ-թուրքական փաստաթղթերը գիշերը ծնվում: Կամ ինչու փաստաթղթի գաղտնազերծումից մի քանի ժամ առաջ Հայաստանի նախագահը մեղադրում է թուրքերին ապակառուցողականության համար, իսկ դրանից մի քանի ժամ անց մեկ էլ “կառուցվում” է այդպիսի մի արձանագրություն: Իսկ գուցե հենց պատասխանների բացակայությունը, դրանք փնտրելու անիմաստությունը նկատի ուներ Էդվարդ Նալբանդյանը, որ հիշեցնում էր ժողովրդական հայտնի խոսքը. 'եզի տակ հորթ պետք չէ ման գալ”: Ընդհանրապես, երեւանյան այդ ասուլիսը կարելի է Նալբանդյանի պաշտոնավարման մոտ մեկուկես տարվա պսակը համարել: Այդ ընթացքում նախարարն այնպիսի ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարեց, որ ասուլիսին ներկայացավ թերեւս հյուծված եւ մի քանի տարօրինակ հայտարարություններ էլ արեց, մասնավորապես Լաչինի միջանցքի ու ճգնաժամի մասին: Հետո նա մեկնեց Ղարաբաղ այդ նույն Լաչինի միջանցքով, ճգնաժամը փոխանցելու Ղարաբաղի ղեկավարությանը:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: